Նոյեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ։
ՆԳՆ-ից հայտնում են, որ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ մեկ դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմնին։
Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ոստիկանության կողմից իրականացվում է պահպանություն։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար ներկայացվել է 44 դիմում, որոնցից 26-ը վերաբերել են լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելուն, իսկ 13-ը մերժվել է։
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրամադրվող անձը հաստատող փաստաթուղթ՝ ձև 9, ստացել է 5 անձ։ Ծառայության «Զանգերի կենտրոնը» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չի ստացել, իսկ շրջիկ սպասարկման գրասենյակներում տրամադրվել է մինչև 10 խորհրդատվություն։









