Foto

Մենք ցանկանում ենք աջակցել վրաց ժողովրդին. Կայա Կալաս

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը շարունակում է Սև ծովի ռազմավարության իրականացումը, սակայն Վրաստանի իշխանությունների հետ քաղաքական շփումների բացակայության պատճառով շեշտը դնում է վրաց ժողովրդին աջակցելու վրա։

«Եվրոսկոպ»-ի հետ զրույցում Կալասը նշել է, որ Բրյուսելում քննարկել են նաև, թե ինչպես կարող է Եվրամիությունն աջակցել Վրաստանի քաղաքացիներին, որ նրանք «չկորցնեն Եվրոպայի նկատմամբ հույսը»։

Նրա իսկ խոսքով՝ Եվրամիությունը Վրաստանի կառավարության հետ գործնականում այլևս կապեր չունի, սակայն շարունակում է վրաց ժողովրդին օգնելու ուղիների որոնումը։

«Ինչ վերաբերում է Սև ծովի ռազմավարությանը, որն արդեն ունենք անցյալ տարվանից, այժմ ընթանում է դրա իրագործումը։ Սև ծովի շուրջ գտնվող տարբեր երկրները, բնականաբար, դրա կարևոր մասն են կազմում։ Այժմ մենք ունենք նաև դժվարություններ, խնդիրներ՝ կապված Վրաստանի հետ, քանի որ իրականում կապեր չունենք կառավարության հետ և չենք ուզում կառավարությանն աջակցել։ Մենք ցանկանում ենք Վրաստանի ժողովրդին աջակցել։ Եվ մենք ունեցել ենք նաև քննարկումներ այն մասին, թե ինչպես կարող ենք դա լավագույնս անել, որպեսզի մարդիկ չկորցնեն Եվրոպայի նկատմամբ հույսը»,- հայտարարել է Կալասը։

Բրյուսելում այսօր կհավաքվեն Եվրամիության արտաքին գործերի նախարարները, որտեղ գլխավոր թեմաներից մեկը կլինի Սև ծովի տարածաշրջանի նկատմամբ Եվրամիության ռազմավարական մոտեցման իրականացման քննարկումը։

Եվրամիության խորհրդի հաղորդմամբ՝ ռազմավարության գործարկումից մեկ տարի անց նախարարները կգնահատեն ձեռք բերված արդյունքները և կխորհրդակցեն հետագա քայլերի շուրջ։