Foto

Գվարդիոլան կարող է գլխավորել աշխարհի քառակի չեմպիոններին

«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Իտալիայի ազգային հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն է։ Այս մասին հայտնում է հեղինակավոր Gazzetta dello Sport պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարճ ցուցակում, բացի իսպանացի մասնագետից, ընդգրկված են նաև Ռոբերտո Մանչինին և Անտոնիո Կոնտեն, որն «Աձուրիի» հետ աշխատել է 2014-2016 թվականներին։ Սակայն ֆեդերացիայի ղեկավարությունն այս մասնագետներին ֆավորիտ չի համարում. գլխավոր թիրախը հենց Գվարդիոլան է։

Սպասվում է, որ նոր գլխավոր մարզչի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մինչև Եվրո-2028-ի վիճակահանությունը։

Իտալիայի հավաքականում լուրջ կադրային փոփոխություններ են սկսվել այն բանից հետո, երբ թիմն անընդմեջ երրորդ անգամ չկարողացավ նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր:

Ապրիլին հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հրաժարական տվեց: Իրենց պաշտոնները լքեցին նաև ազգային հավաքականի պատվիրակության ղեկավար Ջանլուիջի Բուֆոնը և ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան:

Դրան հաջորդեց կարևոր նշանակում. հուլիսի 11-ին հավաքականի նախկին ավագ Պաոլո Մալդինին նշանակվեց ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնում և արդեն լծվել է նոր թիմի կառուցման գործին:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ Պեպ Գվարդիոլան 10 տարվա համատեղ աշխատանքից հետո լքում է «Մանչեսթեր Սիթին»: Նրա գլխավորությամբ անցկացրած վերջին խաղում «Սիթին» 1:2 հաշվով զիջել էր «Ասթոն Վիլային»՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանն ավարտելով երկրորդ տեղում։

2016 թվականից գլխավորելով «քաղաքայիններին»՝ իսպանացին նվաճել է 20 տիտղոս, այդ թվում՝ ակումբի պատմության մեջ առաջին Չեմպիոնների լիգայի գավաթը: Նշվում է, որ անկախ նոր աշխատանքից՝ նա կմնա City Football Group-ի կառույցում՝ որպես պաշտոնական դեսպան:

Armsport