ԱՄՆ օրենսդիրները պատրաստվում են քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի զգալիորեն ընդլայնված նախագիծը։
Ինչպես հայտնում է Վաշինգտոնի RFE/RL-ի թղթակից Ալեքս Ռաուֆոգլուն, նախագծի հեղինակները նախատեսում են այն ներկայացնել երկուշաբթի՝ հուլիսի 13-ին։
Նախորդ տարբերակով նախատեսվում էր, որ Մոսկվայի կողմից ԱՄՆ-ի խաղաղության ջանքերի մերժմանը Վաշինգտոնի արձագանքը գրեթե ամբողջությամբ կախված կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից։
Նոր խմբագրությունը նախատեսում է, որ մի շարք պատժամիջոցներ ավտոմատ կերպով ուժի մեջ կմտնեն օրենքի ընդունումից 30 օր անց։
«Վերանայված օրենսդրությունը պատժամիջոցները կընդլայնի՝ դրանք տարածելով ոչ միայն ռուս պաշտոնյաների և բանկերի շրջանակի վրա, այլև ներդրումների, պետական պարտքի, նավագնացության, էներգակիրների արտահանման, ուրանի ներմուծման, ֆինանսական կառույցների ծառայությունների և Ռուսաստանի տնտեսության այլ ոլորտների վրա»,- նշում է RFE/RL-ի թղթակիցը։









