Foto

ԲԸՏՄ-ն կասեցրել է ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի և Արագածոտնի մարզերի 3 ջերմոցում արձանագրել են մի շարք խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Արմավիրի մարզի Արաքս գյուղում Ա.Ա.-ն, Արշալույս գյուղում Ս.Հ.-ն ջերմոցային տնտեսությունների ոռոգումն ապահովելու նպատակով առանց ջրօգտագործման թույլտվությունների շահագործել են ապօրինի խորքային 1-ական հոր։

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում «Նարինե Օնիկի Մանուկյան» Ա/Ձ-ն ջերմոցային տնտեսության գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի, Արագածոտնի տարածքային բաժինների պետերի որոշումներով ապօրինի խորքային հորերի ու կաթսայատան գործունեությունը կասեցվել են։