Foto

Խնդրում եմ, արի ինձ մոտ մարզվելու և քեզ հետ բեր Ծառուկյանին․ Սեն-Պիերի մարզիչը՝ Չիմաևին

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, կանադացի Ժորժ Սեն-Պիերի մարզիչ Ֆիրաս Զահաբին դիմել է Խամզաթ Չիմաևին՝ UFC 328 մրցաշարում Շոն Ստրիքլենդից կրած պարտությունից հետո։

«Աղերսում եմ ձեզ, թող ինչ-որ մեկը սա փոխանցի նրան։ Խամզա՛թ, արի ինձ մոտ մարզվելու։ Արի Մոնրեալ։ Խոստանում եմ՝ եթե գաս, էլ երբեք շնչակտուր չես լինի։ Քեզ հետ բեր նաև Արման Ծառուկյանին։ Խամզաթ Չիմաև, Արման Ծառուկյան, եկե՛ք ինձ մոտ մարզվելու», — Զահաբիի խոսքերն է մեջբերում MMA Junkie-ն։

Մասնագետը վստահեցրել է, որ իրենց մոտ մարզվելու դեպքում մարտիկների ֆիզիկական վիճակը, հարվածային տեխնիկան և ոտքերով աշխատանքը կհասնեն նախկինում չտեսնված մակարդակի։ Նա ընդգծել է, որ եթե Չիմաևն ընդունի հրավերը, նման պարտություն այլևս երբեք չի կրկնվի։

«Շատ եմ հույս տածում, որ նա կստանա այս հաղորդագրությունը։ Խնդրում եմ, արի մարզվելու ինձ և Ժորժ Սեն-Պիերի հետ, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի քո ձեռքը հաղթանակած բարձրացնեն՝ անկախ նրանից, թե դա ինչ կարժենա, որքան էներգիա կամ ժամանակ կպահանջվի։ Մենք կկենտրոնանանք միայն դրա վրա։ Եթե Խամզաթ Չիմաևն ինձ լսում է, կամ որևէ մեկը, ով ճանաչում է նրան, փոխանցեք այս ուղերձը։ Խնդրում եմ, տեղյակ պահեք նրան, որ նա ավելին է, քան ցանկալի հյուր, և ես մեծ ուրախությամբ նրան կընդունեմ իմ դահլիճում հնարավորինս շուտ», — եզրափակել Զահաբին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում կայացած UFC 328 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ (48-47, 47-48, 48-47) պարտվել էր ամերիկացի Շոն Սթրիքլենդին: Այս մարտի արդյունքով Չիմաևը զրկվեց չեմպիոնական գոտուց և կրեց իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին պարտությունը նախորդ 15 անընդմեջ հաղթանակներից հետո:

Armsport