Foto

Փաշինյանը ոչինչ չի մոռանում. ոնց տվել է, այնպես կվերցնի. ինչո՞ւ էր Դատախազությունը գաղտնի պահում Մխիթար Զաքարյանի «բոմժացման» գործընթացը

Շուրջ 10 օր առաջ 168.am-ը տեղեկություն ստացավ, որ Մեղրիի նախկին համայնքապետ, նախկինում ընդդիմադիր պատգամավոր, ապա կտրուկ ընդհատակ անցած Մխիթար Զաքարյանի վերաբերյալ ՀՀ Գլխավոր Դատախազությունը հարուցել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթ:

Տարօրինակն այն էր, որ այն դեպքում, երբ նախկին իշխանության ներկայացուցիչների ենթադրյալ մեկ կասկածելի չոփն անգամ դառնում է ծավալուն ռելիզի ու Հ1-ի ոչ պակաս ծավալուն ռեպորտաժի առարկա, այս դեպքում որևէ ծայն-ծպտուն դուրս չէր եկել:

Մենք ապրիլի 9-ին գրավոր հարցում ուղարկեցինք Գլխավոր դատախազություն՝ ցանկանալով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները:

  • Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Սեյրանի Զաքարյանի վերաբերյալ 168.am-ի տեղեկություններով կա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հարուցված վարույթ:
  • Ի՞նչ վարույթի մասին է խոսքը, ի՞նչ գույքեր են բռնագանձման ենթակա, և ինչո՞ւ Գլխավոր դատախազությունն այդ մասին հաղորդագրություն չի տարածել: Ո՞ր փուլում է գտնվում վարույթը
  • «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի ընդունումից հետո քանի՞ վարույթ է հարուցվել, ուժի մեջ մտած քանի՞ դատական ակտ կա:

Ապրիլի 20-ին ստացանք «պատասխան» առ այն, որ մեր կողմից հայցվող տեղեկատվությունն առկա է դատախազության պաշտոնական կայքէջում:

Թվում էր՝ գլխավոր դատախազությունում առնվազն ծանոթ պիտի լինեին լրագրողների հետ աշխատանքին և թեման «ցրելու» ու չպատասխանելու համար գոնե 30-օրյա ժամկետի հրաշագործ զորությանը դիմեին, որովհետև իրենք էլ լավ գիտեն, որ իրենց կայքում Մխիթար Զաքարյանի մասին ինֆորմացիա այս հարցերի համատեքստում չի եղել, կամ եթե եղել է, խնամքով թաքցվել է, ինչպես թաքցվում են դատախազության ներողությունները միայն իրենց հայտնի կայքում:

Եվ մի բան էլ. եթե անգամ մեր հայցած ինֆորմացիան դատախազության կայքում կա, էդ դեպքում ինչի՞ համար են պահում դատախազության լրատվական ծառայությունը, միայն իրենց ռելիզները տարածելու համա՞ր…

Սակայն ուշագրավն այն էր, որ մեզ դատախազության կայքէջի անծայրածիր ոլորաններում դեգերելու ու մեր հայցած տեղեկատվությունն այնտեղ գտնել ուղղորդող Գլխավոր դատախազությունը հանկարծ որոշում է մեր հարցումից հետո ինքը պաշտոնապես հրապարակել Մխիթար Զաքարյանի վարույթի հետ կապված ողջ ինֆորմացիան: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ… Չէ՞ որ, ըստ իրենց, այդ ինֆորմացիան արդեն իսկ կար իրենց կայքէջում:

Ինչևէ, ապրիլի 18-ին Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

12 անշարժ գույք, որոնցից 3-ը գտնվում է Երևան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, իսկ 8-ը՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում.

1 տրանսպորտային միջոց.

10 իրավաբանական անձանցում մասնակցություն.

957 միլիոն 64 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.

18 միլիոն 316 հազար դրամ, որը չի հիմնավորվում Մխիթար Զաքարյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանը պատգամավորական մանդատը վայր դրեց 2022թ. ապրիլի 4-ին՝ վերջինիս նկատմամբ իշխանական բուրգի գործադրած լրջագույն ճնշումներից հետո:

Հիշեցնենք նաև, որ 2021-ի ապրիլին՝ 44-օրյա պատերազմում ծանր պարտությունից ամիսներ անց, Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիք, այդ թվում՝ Մեղրի ու Ագարակ: Այս քաղաքներում նրա այցը տապալվել էր, քանի որ տեղացիներից ոմանք նրան սրերով էին ընդունել՝ հայհոյել, անվանել կապիտուլյանտ, ինչին Փաշինյանը հակադարձել էր, թե կապիտուլյանտը նրանք են: Այս պայմաններում նա Ագարակում ելույթ չէր ունեցել, բայց իրեն հայհոյողներին նկատի ունենալով՝ հայտարարել էր, որ այդ հարցը կարգավորելու են: Այն ժամանակ խոշորացված Մեղրու համայնքապետը դեռ Մխիթար Զաքարյանն էր: Այդ օրվա իրադարձությունները հայտնի են՝ որպես «Սյունյաց ողջույն»:

Միջադեպից օրեր անց ՊԵԿ-ը սկսել էր ստուգումներ իրականացնել Զաքարյանին փոխկապակցված ընկերություններում: Պետական մարմնի ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը փաստաթղթերով Զաքարյանի քույրն էր:

Զաքարյանի դեմ արշավը միայն նրա բիզնեսի դեմ ոտնձգություններ կատարելով չավարտվեց: 2021-ի ապրիլին նա ձերբակալվեց, սակայն դատարանը մերժեց Մեղրու համայնքապետին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը:

Մխիթար Զաքարյանը 2021թ. հուլիսին հրաժարական տվեց Մեղրու համայնքապետի պաշտոնից և օգոստոսին ԱԺ պատգամավորի մանդատ ստացավ:

Բայց մինչև մանդատ ստանալը՝ հուլիսին, Զաքարյանը նորից ձերբակալվեց, ու չնայած այս անգամ դատարանը կրկին ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալությունը, այդուհանդերձ, որոշեց ընդդիմադիր գործչին կալանավորել: Միայն 2021թ.-ի դեկտեմբերին ՍԴ-ն կայացրեց որոշում, որի հիման վրա պատգամավոր ընտրված Զաքարյանի կալանքը վերացվեց:

Արդեն 2022թ.  փետրվարին՝ կալանքից ազատվելուց հետո, Մխիթար Զաքարյանը 2 անգամ ներողություն խնդրեց Նիկոլ Փաշինյանից ու նրա ընտանիքից:

Ներողություններից ու մանդատը վայր դնելուց հետո Մխիթար Զաքարյանի բիզնեսը նորից սկսեց ծաղկել:

4 ամիս անց՝ 2023 թ. փետրվարի 9-ին, հիմնադրվեց «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ն: Ագարակում գրանցված ընկերության 51%-ի բաժնետերը Մխիթար Զաքարյանի կինն է՝ Վարդուհի Սարգսյանը, իսկ մնացած 49 %-ի բաժնետեր է դարձել պետությունը՝ ի դեմս «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի: Նկատենք, որ այդ ժամանակ ԱՆԻՖ-ի անմիջական վերադասը ՀՀ վարչապետի աշխատակազմն էր, որին հանձնված էր ֆոնդի բաժնետոմսերի կառավարումը։ Այսպիսով՝ Մխիթար Զաքարյանն ու պետությունը/գործող կառավարությունը դարձել են գործընկերներ (նկատենք, որ «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն որպես ընկերություն՝ այսօր էլ շարունակում է գործել, սակայն ժամանակավոր պահպանման պահեստ այլևս չի շահագործում):

«Հետքը» ծավալուն հետաքննություն էր հրապարակել այս ուշագրավ գործարքի մասին:

Ըստ այդմ՝ 2023-ի մարտի 24-ին «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ն ժամանակավոր պահպանման պահեստի կազմակերպչի վկայական է ստացել: Ներկայում Սյունիքում նման 2 պահեստ կա՝ Ագարակում («Հարավային տերմինալ» ՓԲԸ) և Կապանում («Զանգեզուր տերմինալ» ՍՊԸ, վկայականը ստացել է 2016-ին):

Այն բանից հետո, երբ ԱՆԻՖ-ը հայտնվեց կոռուպցիոն սկանդալի մեջ ու քրեական վարույթի առանցքում, այդ ընկերությունը հիմնած Փաշինյանի կառավարությունը որոշեց ազատվել նրանից՝ այն տանելով լուծարման: 2024-ի օգոստոսի 29-ին Կառավարությունը որոշեց, որ մի քանի բաժնետիրական ընկերություններում ԱՆԻՖ-ի ունեցած բաժնետոմսերն ու հողամասերը որպես նվիրատվություն ընդունելուց հետո այն պետք է լուծարել: Դրանց թվում էր «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ն:

Գործադիրը Պետգույքի կառավարման կոմիտեի (ՊԳԿԿ) նախագահին հանձնարարեց ԱՆԻՖ-ի հետ կնքել պայմանագիր և որպես նվիրատվություն ընդունել «Հարավային տերմինալ» ընկերությունում ԱՆԻՖ-ի անունով գրանցված 49 % բաժնետոմսերը: ՊԳԿԿ-ից տեղեկացել ենք, որ պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 11-ին:

Այդուհանդերձ, ինչու էր գործող իշխանությունը որոշել ԱՆԻՖ-ի միջոցով 2023-ին համատեղ ընկերություն հիմնել մասնավոր անձի, այն էլ՝ ընդդիմադիր գործչի ընտանիքի անդամի հետ, անհասկանալի էր, բայց գործունեության հենց առաջին տարում՝ 2023 թ., «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ն պետբյուջե է մուծել ընդհանուր 46 մլն դրամ հարկ և պարտադիր այլ վճարներ: 2024-ին այդ թիվը կազմել է 75 մլն դրամ: ՊԳԿԿ-ի տեղեկացմամբ՝ ՓԲԸ-ում անցկացված անկախ աուդիտի եզրակացության համաձայն՝ ընկերությունը 2023 թ. գործունեության արդյունքում ունեցել է 11,5 մլն դրամ զուտ շահույթ: Դրանից ՀՀ-ին՝ ի դեմս Ֆիննախի, փոխանցվել է 5,6 մլն դրամ շահաբաժին:

Բայց, ինչպես բազմիցս ապացուցվել է, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի մոռանում, և ինչպես մի ձեռքով տվել է, այնպես էլ մյուսով կվերցնի՝ անկախ Մխիթար Զաքարյանի ներողությունների քանակից: Այնպես որ, թերևս արդեն ժամանակն է, որ Փաշինյանը Մխիթար Զաքարյանի վերաբերյալ գործի դնի իր սիրած «բոմժացման» գործընթացը, ինչը և անում է: