Foto

Սյունիքի մարզում 38-ամյա վարորդը «Suzuki Alto»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 281 կմ  հատվածում Երևանի բնակիչ 38-ամյա Մհեր Դ․-ն իր վարած «Suzuki Alto» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլիվայր շրջվելով, քարերին ու ծառերին բախվելով կողաշրջված հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարկան ջոկատի փրկարարները և  ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Փրկարարներն ու պարեկները վիրավոր վարորդին պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։