Foto

Ինչպես կազմակերպել ու զարգացնել դպրոցական գիտությունը. Կամո Աթայան

Ինչպես նախորդ զրույցի ընթացքում պարզվեց, դեռևս դպրոցական շրջանից ցանկալի է սովորողների մեջ հետաքրքրություններ դաստիարակել ու նրանց աստիճանաբար ուղղորդել դեպի գիտություն։

Հարց է առաջանում՝ իսկ ինչպես դա կազմակերպել ու իրականացնել։ Անկասկած գիտության նկատմամբ հետաքրքրությունները պետք է զարգանան ուսումնական պարապմունքների ու արտասարանական և արտադպրոցական միջոցառումների և, ինչու ոչ, նաև ՏՀՏ միջոցներով՝ այդ թվում առցանց տարբերակով։

Աշխարհում կուտակված փորձ կա, երբ սովորողների գիտական, տեխնիկական ու տեխնոլոգիական հետաքրքրությունները զարգանում են դպրոցական /աշակերտական/ գիտական ակումբներում կամ ընկերություններում՝ կազմակերպված խմբային ու անհատական պարապմունքներով։

Պարզվում է, որ դեպի գիտություն, գիտահետազոտական ու նախագծային կոնստրուկտորական ոլորտներ սովորողներին դեռևս վաղ տարիքից ուղղորդելը կարևորվում է հատկապես մեր ժամանակներում, երբ գիտաուսումնական տեղեկույթի և՛ ծավալը և՛ այն ստանալու աղբյուրները շատացել են։

Աշակերտական գիտական ընկերության կամ ակումբի  նպատակներն են՝

  • դպրոցում ստեղծել սովորողների ինքնազարգացման,ինքնաիրացման մեխանիզմներ, որոնք կնպաստեն նաև սովորողի մասնագիտական կողմնորոշմանը,
  • օժտված երեխաների վերհանում, նրանց հետ հետազոտական,գիտահանրամատչելի համակարգված աշխատանքների կազմակերպում և նման աշխատանքների խրախուսում։

Աշակերտական գիտական ընկերության ստեղծման հիմքում հետևյալ հայեցակարգային գաղափարներն են՝

  • պահպանել և զարգացնել գիտական,կրթական,բարոյական և մշակութային առաջնահերթությունները,
  • նպաստել գիտության հանրամատչելիացման և հանրայնացման հույժ կարևոր խնդրի լուծմանը,
  • նպաստել կրթության,գիտության,տեխնիկայի,տեխնոլոգիաների և ընդհանրապես գիտելիքի հեղինակության բարձրացմանը։

Նման ակումբները կամ ընկերությունները կամավոր հիմունքներով գործող աշակերտական միավորումներ են, որտեղ ընդգրկված են ոչ միայն աշակերտներ, այլև՝ ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, գիտական աշխատողներ և այլն։

Ինչպես ցույց է տալիս նման ընկերությունների գործունեության վերլուծությունը, այն սովորողներին հնարավորություն է տալիս ավելի խորը ճանաչել և իմաստավորել գիտության /այդ թվում նաև հայրենական/, տեխնիկայի, մշակույթի նվաճումները՝ զարգացնելով նրանց կրեատիվ մտածողությունը, ինքնուրույնությունը, վերլուծական միտքը և ստեղծագործական, հետազոտական աշխատանքների հմտությունները։

Կարելի է նախանշել աշակերտական գիտական ակումբների հիմնական խնդիրների շարքը՝

  • օժտված երեխաների սատարում,ըստ նրանց պահանջմունքների և նախընտրած գիտական,տեխնիկական ուղղությունների զարգացում,
  • նրանց մոտ գիտելիքի,գիտության, հետազոտության նկատմամբ հետաքրքրասիրության խթանում,
  • հետազոտական, նախագծային կոնստրուկտորական  ծրագրերի մշակում և իրականացում,
  • դպրոցում գիտահետազոտական և տեխնիկատեխնոլոգիական, բնապահպանական ,հայրենագիտական աշխատանքների կազմակերպում ու անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի և աշխատանքային պայմանների ստեղծում,
  • սովորողների գիտական աշխատանքների,նախագծերի մրցույթների կազմակերպում և լավագույն աշխատանքները տարբեր՝ հանրապետական, միջազգային համաժողովների,մրցույթների,փառատոների  ներկայացում։

Նման գիտական ակումբների  աշխատանքի բովանդակությունը և ձևերը բազմազան են ու բազմաբնույթ։ Մասնավորապես՝

  • գիտահետազոտական և նախագծային  աշխատանքների մշակում,
  • մտավոր խաղերի,համացանցային ու իրական մրցույթների կազմակերպում,
  • մասնակցություն տարբեր մակարդակների օլիմպիադաների,մրցույթների,դպրոցական գիտական և հանրամատչելի համաժողովների կազմակերպում,նման հետաքրքիր թեմատիկայով առկա և առցանց դասախոսությունների կազմակերպում,
  • հանդիպումներ գիտության,տեխնիկայի,մշակույթի հայտնի գործիչների հետ,
  • սովորողների ստեղծագործական աշխատանքների տարբեր ձևերով հրատարակում և տարածում,
  • դպրոցում  և տարածաշրջանում առարկայական շաբաթների,տասնօրյակների, առարկայական ,,մարտերի,, ,տոն մրցույթների կազմակերպում և անցկացում,
  • հայ և համաշխարհային հայտնի գիտնականների,մշակույթի գործիչների աշխատանքների արժեվորում, նրանց հոբելյանական տարելիցների նշանավորում,
  • վերոնշյալ ուղղություններով միջազգային համագործակցության կազմակերպում՝ մասնավորապես աշկերտական գիտական ընկերությունների ու ակումբների միջև։

Նկատենք նաև, որ նման աշակերտական կառույցի բարձրագույն օրգանը կարող է լինել ընկերության անդամների համադրոցական ժողովը։ Ակումբը կամ ընկերությունը ունի իր մասնախմբերը՝ բնական գիտություններ, մաթեմատիկա, արհեստական բանականություն և տեխնոլոգիաներ, նախագծում և կոնստրուկտավորում, հայագիտություն, հասարակագիտություն, մշակույթ, լեզուներ և այլն։

Խելացի կազմակերպման դեպքում աշակերտական ակումբը ոչ միայն ստեղծագործ աշխատանքների կենտրոն կդառնա դպրոցում, այլև կհարստացնի դպրոցական առօրյան ու աշակերտական ինքնավարությունը։

Հ․Գ․ Դեռևս անցած դարի 80-ականներին Ավետարանոցի դպրոցում  կազմակերպվեց նման աշակերտական ընկերություն՝ ֆիզիկայի, տեխնիկայի և կոնստրուկտավորման ուղղությամբ, որը հետաքրքիր ու ստեղծագործական աշխատանքներ կատարեց՝ ի մասնավորի կազմակերպելով Արցախի դպրոցական ընկերությունների 1-ին տոն մրցույթը։

Այդ մասին գրեց նաև միութենական մասնագիտական մամուլը։