Foto

«Ագարակ» պետական անցման կետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության և օրինապահ գործարար համայնքի շահերը, հայտնում են ՊԵԿ-ից։

«Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ  ժամանած  բեռնատար տրանսպորտային միջոցը ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով  ստացած պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի  խոշոր խմբաքանակ: ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները զննության արդյունքում, տարբեր թաքստոցներից` վարորդի գլխավերևի դարակներից,  բեռնատարի կցորդիչի պահեստամասերի համար նախատեսված աջ և ձախ պահոցներից, բեռնատարում առկա ներքնակից,  հայտնաբերել են 18520 տուփ չհայտարարագրված տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք:

Չհայտարարագրված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը կանխվել է: Հայտնաբերված ծխախոտները առգրավվել են: ՀՀ քաղաքացի Է.Վ-ի նկատմամբ, «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

Հետագա ընթացքն ապահովելու նպատակով դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նման անօրինական գործողություններից և խուսափել չհայտարարագրված ապրանքների տեղափոխումից՝ պահպանելով մաքսային կանոնները և օրենքով սահմանված պահանջները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։