Foto

Մահացել է գրող, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից ԽՍՀՄ պատգամավոր Զորի Բալայանը

Մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, բժիշկ, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Զորի Բալայանը։ Այս մասին հայտնել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։

Զորի Բալայանը նաև սպորտային բժիշկ էր, լրագրող և ճանապարհորդ, ԽՍՀՄ սպորտի վարպետ։

Եղել է 1988 թվականին ծավալված Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։ 1988-1991 թվականներին Միխայիլ Գորբաչովի, Ա. Յակովլևի և ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանությունների բարձրագույն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամավորների համագումարներում, Բորիս Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը, պատճառաբանված և հիմնավորված ելույթներով դատապարտել Ադրբեջանի և Կենտրոնի կողմից կատարվող հակաօրինական, հակահայկական գործողությունները։

1989 – 1992 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990 թվականի սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայի իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։

1992 – 1995 թվականներին եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992-1994 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշանակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում և իր ներկայությամբ ոգևորել հայ զինվորին, որի համար ստացել է «Կոմիսար» պատվանունը, եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը… Բայց այս ամենով հանդերձ նրա ամենամեծ առաքելությունը եղել է արցախյան ազգային- ազատագրական պայքարի միջազգայնացմանն ուղղված հիրավի նպատակասլաց գործունեությունը։ Իսկ դրա համար ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում նա օգտագործել է ոչ միայն միջազգային տարբեր հանդիպումների ու հրապարակային ելույթների ուժը, այլև «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու տարբերակը… Ճանապարհորդություն, որի ընթացքում նավերով օվկիանոսներն ու ծովերը հատում է Արցախի պետական դրոշը վեր պարզած։