Վերջին տարիներին Հայաստանում թոշակը միշտ էլ պարենային նվազագույն զամբյուղի արժեքից ցածր է եղել։ Բայց պետական բյուջեի փողերը սեփական գրպաններն առատորեն լցնող ՔՊ-ականները նախորդ ընտրություններից միայն 5 տարի հետո «գլխի ընկան», որ իրենց տված թոշակով թոշակառուն չի կարող լուծել նույնիսկ սեփական սննդի հարցերը։
Նվազագույն սպառողական զամբյուղի մասին էլ չենք խոսում։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը գրեթե կրկնակի ավելի է թոշակառուի թոշակից։
Սրա մասին ՔՊ-ականները նոր չէ, որ իմացել են։ Բայց միայն սպասվող ընտրություններից առաջ են հիշել թոշակառուին։ Հինգ տարի ոչինչ չեն արել թոշակառուի սոցիալական խնդիրները թեթևացնելու համար, ընտրությունների նախաշեմին որոշել են թոշակ բարձրացնել ու ցույց տալ, թե կատարել են իրենց տված խոստումը թոշակների բարձրացման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում խոստացել էին միջին կենսաթոշակը հասցնել 61 հազար դրամի։ Այս պահին նույնիսկ 50 հազար դրամի չի հասնում։ Հինգ տարում բարձրացրել են ընդամենը 5.4 հազար դրամով, սպասվող ընտրություններից առաջ որոշել են միանգամից 10 հազար դրամով ավելացնել ու հայտարարել, թե կատարել են իրենց խոստումը։
Ոչինչ, որ նախորդ 5 տարիներին թոշակառուին սովի են մատնել, անգամ պարենային նվազագույն զամբյուղին համարժեք թոշակ չեն տվել։ Այդ 5 տարիներին թոշառակուի սոցիալական վիճակը միայն վատացել է։ Վատացել է ոչ միայն այն պատճառով, որ թոշակները շատ քիչ են բարձրացրել, այլև այն պատճառով, որ գնաճը գերազանցել է թոշակի բարձրացումը։ Դեռ չհաշված այն լրացուցիչ ֆինանսական բեռը, որը տարբեր հարկերի ու տուրքերի ավելացման միջոցով դրել են թոշակառուի վրա։
Թե հիմա ինչու են որոշել թոշակ բարձրացնել, բոլորն էլ հասկանում են։ Բարձրացնող էիք, նախորդ տարիներին բարձրացնեիք, որ թոշակառուները գոնե պարենային նվազագույն զամբյուղով կարողանային իրենց ապահովել։ Թե չէ, 5 տարի թոշակառուի վիճակը պերմանենտ վատացրել են, ընտրությունների նախաշեմին թոշակառուի մասին մտածող են դարձել։
Հինգ տարում Հայաստանում կուտակային գնաճը, խոսքը միջին գնաճի մասին է, կազմել է 20.2 տոկոս։ 2021թ. եղել է 7.7 տոկոս, 2022թ.՝ 8.3 տոկոս։
Երկու տարվա կտրուկ՝ կուտակային 16 տոկոս գնաճից հետո, 2023թ. ընդամենը 0.6 տոկոս գնանկում արձանագրվեց։
Հաջորդ 2 տարիներին կրկին գնաճ գրանցվեց. 2024թ.՝ 1.5, իսկ 2025թ.՝ 3.3 տոկոս։
Այս ընթացքում սննդամթերքը շատ ավելի է թանկացել։ Սննդամթերքի կուտակային միջին գնաճը կազմել է ավելի քան 24.4 տոկոս։
2021-2022թթ., ընդամենը 2 տարվա ընթացքում, սննդամթերքի գրեթե 23 տոկոսանոց գնաճ է գրանցվել։ 2023թ. 4.8 տոկոսանոց գնանկում է եղել, բայց հաջորդ 2 տարիներին սննդամթերքը շարունակել է թանկանալ։ Այդ տարիներին էլ կուտակային գնաճը կազմել է ևս 6.3 տոկոս։
Առաջին հայացքից վերջին տարիներին գնաճը Հայաստանում մեղմվել է, թանկացումների տեմպերը թուլացել են։ Բայց դա տեղի է ունեցել նախկին կտրուկ թանկացումներից հետո։ Այդ թանկացումների վրա է, որ նախորդ 2-3 տարիներին գնաճի տեմպերը թուլացել են։ Եթե այսօրվա գները համեմատենք 2021թ. հետ, կտեսնենք, որ էական տարբերություններ կան, ու այդ տարբերությունները տարիներ շարունակ իրենց վրա կրել են թոշակառուները։ Սակայն իշխանություններն այդ ժամանակ զբաղված էին սեփական գրպանները լցնելով ու գրեթե ոչինչ չեն արել գնաճի ազդեցությունը հասարակության ամենախոցելի խավերի վրա մեղմելու համար։
Անցած 5 տարում, պաշտոնական տվյալներով, միջին կենսաթոշակը Հայաստանում ավելացել է ընդամենը 12.5 տոկոսով։ Մինչդեռ՝ այդ ընթացքում կուտակային գնաճը 20.2 տոկոս է եղել, սննդամթերքն էլ թանկացել է միջին հաշվով 24.4 տոկոսով։
Սննդամթերքի թանկացումը գրեթե կրկնակի գերազանցել է միջին կենսաթոշակի աճը։
Առաջին անհրաժեշտության ապրանքների շատ ավելի կտրուկ թանկացումների մասին նույնիսկ իմաստ չունի խոսել, երբ անգամ միջին գնաճը շատ ավելի բարձր է եղել, քան միջին թոշակի ավելացումը։ Ու դա նշանակում է, որ այս տարիներին թոշակառուների ապրելու պայմանները միայն վատացել են։
Հինգ տարի շարունակ թոշակառուների սոցիալական վիճակը վատացնելուց հետո, 10 հազար դրամով թոշակ բարձրացնելով ուզում են տատիկ-պապիկներին խաբել, թե այսուհետ իրենք ավելի լավ են ապրելու։ Այնինչ՝ այդ 10 հազար դրամը չի փակելու անգամ նախորդ շրջանի բարձր գնաճի ազդեցությունը։ Դրանով գուցե նախորդ տարվանից մի փոքր լավ կապրեն, ինչը էլի հաստատ չէ՝ հաշվի առնելով վերջին շրջանի գնաճի ակտիվացումը, բայց կշարունակեն ավելի վատ ապրել, քան տարիներ առաջ էին ապրում, որովհետև գնաճի, առավել ևս՝ իրական գնաճի ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան թոշակների ավելացումը։
Հինգ տարի ոչինչ չեն արել թոշակները գոնե գնաճին համարժեք ճշգրտելու համար, թողել են, որպեսզի սոցիալական այս խոցելի խավն աղքատանա ու կրի գնաճի ծանր ազդեցությունը, այսօր՝ ընտրություններից առաջ, հետագա տարիներին թոշակների ինդեքսացիայից են սկսել խոսել։ Վերջերս կուսակցական քարոզարշավի շրջանակներում այդ մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Մինչև վերջերս պնդում էին, թե թոշակառուի ինչի՞ն է պետք թոշակ բարձրացնելը, միևնույն է, փողը ծախսել չգիտեն, ընտրություններից առաջ սարսափած են, որ կկորցնեն թոշակառուների ձայները. ոչ միայն որոշել են ապրիլի 1-ից թոշակ բարձրացնել, այլև խոստանում են ամեն տարի գնաճով ճշգրտել թոշակները։
Ասում է՝ ես որոշում եմ կայացրել, կառավարությունը 2027 կամ 2028 թվականից, յուրաքանչյուր տարի, գնաճի չափով թոշակները բարձրացնելու որոշում կընդունի։
Հարցնող լինի, բա նախորդ 5 տարիներին ինչո՞ւ չէիք գնաճի չափով ամեն տարի թոշակները բարձրացնում։
Թողել են, որ 5 տարի թոշակառուները տառապեն, որպեսզի ընտրություններից առաջ խաբեն, թե՝ կրկին վերընտրվելու դեպքում՝ թոշակների ինդեքսացիա կանենք։
Անող էիք, նախկինում անեիք, ո՞վ էր ձեռքներդ բռնում։ Հինգ տարի չեք արել, հիմա ինչո՞ւ պիտի թոշակառուն հավատա, որ հետո անելու եք։









