Foto

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

«Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով»,-գրում է փաստաբան Նարեկ Ալոյանը։

«Այշատ Բեյմուրադովայի սպանության գործով, հղում կատարելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, քննիչին միջնորդել էի նրա ընկերոջը ճանաչել տուժող (մահացած տուժողի փոխարեն տուժող) և մահացածի դին հուղարկավորության կազմակերպման համար տրամադրել նրան։

Քննիչը մերժել էր իմ միջնորդությունը։

Քննիչի մերժումը բողոքարկել էի դատախազին։

Դատախազը մերժել էր բողոքս։

Շարունակելով բողոքարկումը դիմել էի առաջին ատյանի դատարան։

Արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը քննության առնելով իմ բողոքը, որոշեց այն ամբողջությամբ բավարարել։

Ցավոք, քննչական մարմինը շտապեց դատական ակտի հրապարակումից 3 ժամ առաջ պետության միջոցներով կազմակերպել Այշատ Բեյմուրադովայի հուղարկավորությունը…

Քննչական մարմնի շտապողականությունն էլ հանգեցրեց թաղման կազմակերպման մի շարք թերությունների։

Այս գործով միջազգային և տեղական տարբեր քաղաքական ամբիոններից, ինչպես նաև տարբեր իրավապաշտպանների կողմից հնչել են տարբեր կարծիքներ և գնահատականներ, որոնք չեմ ցանկանում մեկնաբանել։

Որպես տվյալ գործը վարող փաստաբան, ցանկանում եմ միայն մեկ արձանագրում կատարել. փորձը հերթական անգամ ցույց տվեց, որ իրավական հարցերը պետք է լուծել պրոֆեսիոնալ-իրավական տիրույթում։

Ցանկանալով մնալ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ-իրավական տիրույթում կոնկրետ այս գործով չեմ ցանկանում մեկնաբանել քննչական մարմնի կամ դատախազության պահվածքը, նույն կերպ չեմ ցանկանում մեկնաբանել ռուսական “Дождь” հեռուստաալիքի արձագանքն այս դեպքին, քանի որ բոլոր հարցերի գործնական, ապաքաղաքական, պրոֆեսիոնալ-իրավական պատասխանն իմ բողոքը բավարարելու մասին դատարանի որոշումն է»։