Foto

Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին արդարացվել է. օկուպանտներին մոլորվածներ ներկայացնելը առանց խրախուսման չմնաց

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ սպանության փորձի մեջ մեղադրվող Կարեն Պողոսյանն, արդարացվել է։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, արդարացման վերդիկտ է կայացրել։ 

Հիշեցնենք, որ 2021թ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ ) 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով:

Կարեն Պողոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով։
Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Կարեն Պողոսյանը չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող ինքնաձիգ, ինչպես նաև՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած ակոսափող ինքնաձիգից արձակել է կրակոցներ, փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին և Մելիք Բարսեղյանին։

 Նշենք, որ թեև Կարեն Պողոսյանի մեղադրանքը ծանր էր, վերջինս տարիներ շարունակ  ազատության մեջ է եղել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին, ընդ որում, սա այն դեպքում, երբ Կարեն Պողոսյանը նախկինում արդեն փորձել է թաքնվել քննությունից, ամիսներ շարունակ գտնվել հետախուզման մեջ։ Դեպքից շուրջ երեք ամիս անց միայն՝ 2021թ սեպտեմբերին ինքնակամ ներկայացել է ՔԿ, դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ինչից հետո Կարեն Պողոսյանը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ, որտեղ, սակայն, կարճ ժամանակ է մնացել։ Կալանավորման ժամկետը լրանալուց հետո դատարանը չի բավարարել կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը, և, ըստ այդմ, ՔԿ-ն գտել էր, որ չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը բավարար է Կարեն Պողոսյանի վարքագիծը զսպելու համար։ Դատարանները հետագայում անփոփոխ են թողել այս խափանման միջոցը։ Հատկանշական է, որ դատաքննությունը բավականին երկար է տևել, գործով տևական ժամանակ սայլը տեղից չէր շարժվում։ Թե ինչ հիմքով է արդարացվել Պողոսյանը՝ դեռևս հայտնի չէ, սակայն մենք տեղեկացրել էինք, որ գործով տուժողները, այդ թվում, Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որոշել են «գողական» գնալ և չեն բողոքել Պողոսյանի դեմ, չնայած նրան, որ տուժողներից մեկը մահվան եզրին էր հասել, գտնվել էր կոմայի մեջ։ 

Նշենք, որ Մելիքսեթ Պողոսյանի  անմոռանալի ծառայություններ ունի մատուցած այս իշխանություններին,  ի վերջո, հենց Պողոսյանն էր հայտարարում, թե ռուսներն են պահանջել, որ 2020թ․  հայկական զորքերը զբաղեցնեն խորհրդային սահմանները։ «Մեր խնդիրն է եղել, որ «նեյտրալ զոնան» պահենք,  երեք անգամ պոստերն առաջ ենք տվել Կուբաթլուի հատվածում, հետո ՌԴ-ն չի համաձայնվել, ասել է, որ  պետք է զբաղեցնենք խորհրդային սահմանները»,-հայտարարել էր Պողոսյանը։ Բացի այդ, անդրադառնալով Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժումներին՝ դեռ 2021թ․ Պողոսյանը վստահեցնում էր, թե նրանք մոլորվել են, ամրաշինական աշխատանքներ չեն իրականացրել։ 

 

Աղբյուր՝ Փաստինֆո 
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան