Foto

Բժիշկներն ահազանգում են՝ տնօրենները պարտադրում են Armed ծրագրից հեռացնել իրենց խորհրդատվությունները, որ գումարը քիչ կազմի. Կարինե Աղալարյան

«Բժշկի ձայն» նախաձեռնող խումբը կարծես դարձել է այլընտրանքային նախարարություն, որտեղ բուժաշխատողները չեն վախենում բարձրաձայնել իրենց խնդիրները։ Այս մասին առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի խնդիրներին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ հայտարարեց բժիշկ-սոնոգրաֆիստ Կարինե Աղալարյանը։

Նրա խոսքով՝ չնայած համատարած բողոքներին, նախարարությունից շարունակում են պնդել, թե նման խնդիրներ չկան։

Բժիշկը փաստերով ներկայացրեց աշխատավարձերի կտրուկ նվազման օրինակներ։ Նրա խոսքով՝ մանկաբույժներից մեկը, ով նախկինում ստանում էր 195 000 դրամ ֆիքսված աշխատավարձ, ապահովագրական համակարգի ներդրումից հետո ստացել է ընդամենը 18 000 դրամ։

«Եթե որևէ մեկը կասկածում է, որ նման աշխատավարձ կարող է գոյություն ունենալ՝ խնդրեմ մեկ այլ գրառում՝ «ես ինքս սրտաբան եմ․ հունվար ամսվա համար 160 000 դրամի փոխարեն ստացել եմ 18 141 դրամ»։ Այս բոլոր աշխատավարձերի սքրինշոթերն ունենք, կապի մեջ ենք դրանք ուղարկած բժիշկների հետ»,- ասաց Աղալարյանը՝ նշելով, որ նման դեպքերը բազմաթիվ են և բոլորը փաստերով են հիմնավորված։

Ըստ նրա՝ մինչ այդ էլ գները նորմալ չէին, բայց հիմա խայտառակություն են։ «Հատկապես թիրախում են նեղ մասնագետները, որոնց տնօրենը պարտադրում է Armed ծրագրից հեռացնել իրենց խորհրդատվությունները, որ գումարը քիչ կազմի»,-ասաց նա։