Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ազգին՝ կապված Իրանի տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետ:
«Իմ եղբայրներ և քույրեր, Իսրայելի քաղաքացիներ, որոշ ժամանակ առաջ Իսրայելը և Միացյալ Նահանգները գործողություն են սկսել՝ ուղղված Իրանի ահաբեկչական վարչակարգից բխող գոյութենական սպառնալիքի վերացմանը: Ես շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ բարեկամին՝ նախագահ Դոնալդ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար», - հայտարարել է Նեթանյահուն:
Նրա խոսքով՝ 47 տարի շարունակ «այաթոլլաների վարչակարգը հնչեցրել է «Մա՛հ Իսրայելին», «Մա՛հ Ամերիկային» կոչերը»։
«Նա թափել է մեր արյունը, սպանել բազմաթիվ ամերիկացիների և ոչնչացրել իր սեփական ժողովրդին: Չի կարելի թույլ տալ, որ այս արյունարբու ահաբեկչական վարչակարգը զինվի միջուկային զենքով, որը նրան հնարավորություն կտա սպառնալ ողջ մարդկությանը: Մեր համատեղ գործողությունները պայմաններ կստեղծեն, որպեսզի քաջ իրանցի ժողովուրդն իր ձեռքը վերցնի սեփական ճակատագիրը: Ժամանակն է, որ իրանցի ժողովրդի բոլոր շերտերը՝ պարսիկները, քրդերը, ադրբեջանցիները, բելուջները և ահվազիները, թոթափեն բռնապետության լուծը և ստեղծեն ազատ ու խաղաղության ձգտող Իրան», - ասել է Իսրայելի վարչապետը:
Նա կոչ է արել Իսրայելի քաղաքացիներին հետևել թիկունքի հրամանատարության ցուցումներին:
«Առաջիկա օրերին՝ «Առյուծի մռնչոց» գործողության ընթացքում, մեզնից կպահանջվի համբերություն և ներքին ուժ դրսևորել: Միասին մենք կդիմանանք, միասին մենք կպայքարենք և միասին մենք կապահովենք Իսրայելի հավերժությունը», - հավելել է նա:









