Foto

Տաքսու վարորդը վաղը թոշակ չի ստանալու, գնում է բանկ, վարկ չեն տալիս. սա պետության կողմից ռեկետ է. ակցիա

Երևանի Բրազիլիայի հրապարակում օնլայն տաքսու վարորդները ստորագրահավաք են սկսել, նրանք պատրաստվում են իրենց պահանջ-բողոքն առաջիկա օրերին ներկայացնել կառավարություն։

Ակցիային մասնակցում են նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները։ Նրանցից Արմենակ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարորդները իրենց խմբակցության անդամներին են դիմել և խնդրել բարձրաձայնել իրենց խնդիրները. «Նրանք փաստացի աշխատում են առանց գրանցման։ Հիմա հայտարարում են, թե ստվեր են կրճատում, փաստացի այդքան մարդ 12-14 ժամ մեքենա են վարում, վճարում են հարկեր, բայց գրանցված չեն։ Նրանք  չեն օգտվում կենսաթոշակ կուտակելու հնարավորությունից, առողապահական ապահովագրությունից, նրանք բողոքում են նաև գործատուներին վճարվող բարձր տոկոսներից»,-ասաց Ա. Դանիելյանը։

Տաքսու վարորդները նշում են, որ խնդիրների մասին բարձրաձայնել են ամիսներ շարունակ, սակայն դրանք լուծում չեն ստացել. «Մենք այսօր բողոքում ենք վճարվող բարձր տոկոսներից, բայցի այդ հարկեր վճարում ենք, բայց արտոնություններ չունենք, չենք կարողանում օգտվել բանկերից, ապահովագրական համակարգից, գրանցված աշխատող չենք; Դա արդար չէ»,-ասաց տաքսու վարորդներից մեկը։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ընդգծեց՝ պետությունը որպես տաքսու վարորդ իրեն հարկում է, մինչդեռ ինքը չի համարվում գրանցված աշխատող. «Եթե ինձանից որպես տաքսու վարորդ հարկ է վերցնում, չի գիտակցում, որ բերեք այս մարդուն համարենք գրանցված աշխատող։ Բացի այդ, անարդար է, որ պետությունը իրենց հարկում է, բայց երբ հերթը հասնում է իրենց չգրանցված կարգավիճակին, աչք է փակում։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն էլ նշեց. «Օնլայն տաքսիների վարորդների իրավունքները տոտալ ոտնահարվում են, և Հայաստանում չկա մի կառույց՝ ոչ Մարդու իրավուքնների պաշտպանը, ոչ ՏԿԵՆ-ը, ոչ էլ մեկ ուրիշը, որ զբաղվի նրանց իրավունքների պաշտպանությամբ։

Տաքսու վարարդները պետտուրք են վճարում, ամսական վաստակում են 200 հազար դրամից ավելի գումար, սակայն չեն համարվում գրանցված աշխատող։ Մարդը վաղը թոշակ չի ստանա, գնում է բանկ, վարկ չեն տրամադրում։ Սա պետության կողմից ռեկետ է»,-ասաց Մանուկյանը։

Նրանք առաջարկում են, օրական 10 ժամ աշխատող ու ամսական 200 հազար ու ավելի գումար վստակած մարդկանց գրանցել որպես աշխատող. «Մենք սա համարում ենք անարդար։ Ստորագրահավաքը կշարունակվի երկու օր, դրանից հետո պահանջները կներկացվեն կառավարությանը, եթե քայլեր չձեռնարկվեն, ապա տաքսու վարորդները նախաձեռնելու են խաղաղ անհնազանդության ակցիաներ»,-ասաց Մանուկյանը։