Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին դասախոսությամբ հանդես կգա Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտում (PISM)։
Ինստիտուտի հայտարարության համաձայն՝ դասախոսությունը կկրի «Հայաստանը և խաղաղության նոր ճարտարապետությունը Հարավային Կովկասում» խորագիրը։
«Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ է կրում։ Ռուսաստանի հետ նրա նախկին ձևական դաշինքը, որը պարտադրված էր հանգամանքներով, աստիճանաբար հավասարակշռվում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ առավել սերտ կապերով։ Ավելին, Ղարաբաղի շուրջ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո՝ Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի աջակցությամբ հայտարարել են խաղաղության մասին։
Ակնկալվում է, որ մոտ ապագայում կստորագրվի խաղաղության պայմանագիր, կբացվեն սահմանները, կվերականգնվի առևտուրը և Ամերիկայի աջակցությամբ, Հայաստանի տարածքում ուղի կհարթվի դեպի միջազգային խաղաղություն և բարգավաճում՝ ըստ Թրամփի նախագծի։ Այս ծրագրերի և Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականության ապագան կորոշվի սույն թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կդիտարկի Հայաստանի առջև ծառացած վերոնշյալ մարտահրավերներն ու հնարավորությունները և պատրաստ կլինի պատասխանել լսարանի հարցերին», - նշված է առաջիկա դասախոսության նկարագրության մեջ։









