Սույն թվականի փետրվարի 11-ի հանձնաժողովի նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային և առևտրային կանոնների նոր փոփոխությունները։
Փոփոխությունները միտված են ապահովելու էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունն ու անվտանգությունը։ Մասնավորապես, արևային կայանների արտադրանքի շարունակական աճի պայմաններում էներգահամակարգում գերբեռնումների կանխման նպատակով ամենօրյա ռեժիմով ցանցից անջատվում և (կամ) բեռնաթափում են ատոմային էլեկտրակայանը, Երևանի ՋԷԿ-ի և Արմփաուեր-ի ջերմաէլեկտրակայանները՝ ստեղծելով հնարավոր համակարգային վթարների առաջացման լուրջ ռիսկեր։
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվել են կարգավորումներ, որոնց համաձայն Համակարգի օպերատորը կարգավարման գործընթացի շրջանակում կարող է սահմանափակել մինչև 30 ՄՎտ հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ գործող և պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի շրջանակում միադրույք սակագնային համակարգում գործող գնման երաշխիք ունեցող կայաններից էլեկտրական էներգիայի առաքումն էլեկտրական ցանց։ Միաժամանակ սահմանվել են նշված իրավահարաբերությունների հետ կապված վճարման (փոխհատուցման) մեխանիզմները։









