ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել է այն տեսանյութը, որտեղ Բարաք և Միշել Օբամաները պատկերված էին կապիկների տեսքով, հայտնում է BBC-ն։
Մինչ նախագահը կհեռացներ տեսանյութը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հասցրել էր հանդես գալ նրա պաշտպանությամբ՝ «կեղծ» անվանելով այն վրդովմունքը, որն արտահայտում էին մամուլն ու քաղաքական գործիչները տվյալ գրառման վերաբերյալ։
Լիվիթը պարզաբանել է, որ նախագահի գրառման մեջ ներառվել է «տեսամեմից» մի հատված, որտեղ Թրամփը պատկերված է որպես ջունգլիների արքա, իսկ դեմոկրատները՝ որպես «Առյուծ արքան» մուլտֆիլմի կերպարներ։
«Նախագահի կողմից զազրելի վարքագիծ։ Յուրաքանչյուր հանրապետական պետք է դատապարտի սա։ Անհապաղ»»,- X սոցիալական ցանցում հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետ, դեմոկրատ Գևին Նյուսոմի աշխատակազմը։
Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի նախկին տեղակալ Բեն Ռոդսը հայտարարել է. «Թող Թրամփին և նրա ռասիստ կողմնակիցներին հետապնդի այն միտքը, որ ապագայում ամերիկացիները մեծարելու են Օբամա ամուսիններին որպես մարդկանց, ում սիրել են, իսկ նրան (Թրամփին) որպես բիծ են դիտարկելու մեր երկրի հեղինակության վրա»։
Թրամփի գրառումը բացահայտ ռասիստական են անվանել ոչ միայն նրա քաղաքական հակառակորդ դեմոկրատները, այլև առնվազն մեկ բարձրաստիճան կողմնակից՝ Հանրապետական կուսակցության սենատոր Թիմ Սքոթը։ «Ես աղոթում եմ, որ սա ֆեյք լինի, որովհետև սա ամենառասիստական բանն է, որ ես երբևէ տեսել եմ այս Սպիտակ տան կողմից [...] Նախագահը պետք է հեռացնի այն»,- սոցցանցերում գրել է Սքոթը։









