Foto

Պարեկային ծառայողի ուղին սկսվում է գիտակցված որոշումից. ՆԳ նախարար

Ապագա պարեկների ծառայությունը սկսվում է ոչ միայն ընդունելության քննություններից, այլ գիտակցված որոշումից ու առաքելության ճիշտ ընկալումից։ Հունվարի 23-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Պարեկային ծառայության վարչական համալիրում հյուրընկալել է դիմորդներին և ծառայության գործունեությամբ հետաքրքրված երիտասարդներին։

«Վստահի՛ր քեզ, միացի՛ր մեզ» խորագրով իրազեկման արշավի շրջանակում անցկացված հանդիպման առանցքում ծառայության գործառնական էության ներկայացումն էր։ Նպատակը՝ պարեկային ծառայողի պատասխանատվության շրջանակը երիտասարդների շրջանում առավել տեսանելի դարձնելն էր՝ միաժամանակ ձևավորելով հստակ ու արժանահավատ պատկերացում իրականացվող բարեփոխումների և ծառայության բովանդակային առանձնահատկությունների վերաբերյալ։

«Սա հերթական աշխատանք դիտարկել չի կարելի, որովհետև հանրային անվտանգության կարևոր ֆունկցիայի հետ գործ ունենք և այս տեսանկյունից կարևոր է, որ ընկալումն էլ ճիշտ լինի։

Եթե հարցեր կան, որոնք որ դեռևս չճշգրտված են, հարցեր կան, որ դեռևս անհանգստացող են, այս փուլում ավելի լավ է ստանալ այդ հարցերի պատասխանները և վստահ լինել, որ դուք ճիշտ եք շարունակում ճանապարհը։

Այստեղ նաև մենք խնդիր ունենք օբյեկտիվության, անաչառության հետ։

Ինչո՞վ է կարևոր լինել օբյեկտիվ, ինչքանո՞վ է կարևոր լինել անաչառ բոլոր պրոցեսներում, որովհետև դուք ներկայացնում եք Հայաստանի Հանրապետությունը, իսկ Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալը պիտի ենթադրի գերօբյեկտիվություն, գերանաչառություն, և այստեղ պետք է չլինեն յուրայիններ կամ ոչ յուրայիններ»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Ինչպիսի՞նն է Պարեկային ծառայությունը ներսից, ի՞նչ է կատարվում ծառայության «կուլիսներում», և ի՞նչ է սպասվում ապագա պարեկներին։ Ներքին գործերի նախարարի և երիտասարդների հանդիպումը շարունակվել է շրջայցով ու անմիջական, բաց երկխոսությամբ։

Երիտասարդները հնարավորություն են ունեցել շրջելու Պարեկային ծառայության վարչական համալիրում, ծանոթանալու ծառայության նյութատեխնիկական բազային, ավտոպարկին, շենքային պայմաններին ու աշխատանքային հարմարություններին։ Առանձին դեպքերի օրինակով նրանց է ներկայացվել յուրաքանչյուր սարքավորման ու տեխնիկական միջոցի կիրառման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը։

Շրջայցի ընթացքում երիտասարդները ներկա են եղել նաև վերապատրաստման դասընթացի, ինչը ճանաչողական այցը փորձի փոխանակման վերածելու բացառիկ հնարավորություն էր։

Հաջորդ կանգառը հրաձգարանն էր. երիտասարդները ծանոթացել են զենքից օգտվելու անվտանգության կանոններին ու սպառազինության տեխնիկական բնութագրերին, հետևել կրակային պատրաստության ընթացքին։

Իսկ մարզասրահում նրանք ականատես են եղել, որ ֆիզիկական պատրաստվածությունն ու մարզական կեցվածքը ծառայության անբաժանելի մաս են, ինչը փաստում է, որ պարեկի աշխատանքը պահանջում է թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական կատարելագործում։

Շրջայցն ավարտվեց Օպերատիվ կառավարման կենտրոնում, որտեղ երիտասարդները ծանոթացան ծառայության ամբողջական շղթային, մասնավորապես՝ թե ինչպես է քաղաքացու ահազանգը վերածվում հստակ առաջադրանքի և օպերատիվ կերպով փոխանցվում կարգախմբերին։

Հանդիպումը համակարգին ծանոթանալու և իրավապահի պատասխանատվությունը պատշաճ ընկալելու գործնական հնարավորություն էր։ Այն վերստին փաստեց, որ պարեկային ծառայողի ուղին սկսվում է գիտակցված որոշումից և միտված է բացառապես հանրային անվտանգության ապահովմանը։