Foto

ԱՄՆ-ն Չինաստանից չիպերի ներմուծման համար մաքսատուրքերի սահմանումը հետաձգել է մինչև 2027 թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չինական կիսահաղորդիչների ներմուծման նկատմամբ մաքսատուրքեր կսահմանի՝ չիպերի արդյունաբերության ոլորտում գերիշխանություն ապահովելու Պեկինի «ոչ խելամիտ» փորձերի պատճառով, սակայն այդ գործողությունը կհետաձգվի մինչև 2027 թվականի հունիսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Մաքսատուրքերի չափը կհայտարարվի դրանց սահմանումից առնվազն 30 օր առաջ։

«Կիսահաղորդիչների արդյունաբերության ճյուղում գերիշխանության հասնելու Չինաստանի միտվածությունը խելամիտ չէ և ծանրաբեռնում կամ սահմանափակում է ամերիկյան առևտուրը, ուստի հիմք է տալիս գործողությունների համար», - նշվում է ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հաղորդագրության մեջ։

ԱՄՆ իշխանությունները մեկ տարի շարունակ ուսումնասիրել են չինական չիպերի ներմուծման ոլորտը՝ բացահայտելու անբարեխիղճ առևտրային գործելակերպը, և եկել են այն եզրակացության, որ Չինաստանն օգտագործել է նման գործելակերպ։

Ըստ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի հաղորդագրության՝ Պեկինը կարող է օգտվել համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության նկատմամբ վերահսկողությունից՝ այլ երկրների վրա տնտեսական հարկադրանքի համար։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԱՄՆ-ին՝ մաքսատուրքերը չարաշահելու և չինական տնտեսության ճյուղերը ճնշելու համար։ Ըստ Financial Times-ի՝ գերատեսչության ներկայացուցիչ Լին Ցզյանը հայտարարել է, որ ամերիկյան մոտեցումը վնաս է հասցնում ոչ միայն մատակարարումների գլոբալ շղթաներին, այլև հենց ամերիկացիներին։

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունն իր հերթին Reuters-ին հայտնել է, որ երկիրը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն իր օրինական իրավունքներն ու շահերը վճռականորեն պաշտպանելու համար։

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն իր նախագահության ընթացքում արդեն իսկ 50% մաքսատուրք էր սահմանել չինական կիսահաղորդիչների ներմուծման նկատմամբ։ Մաքսատուրքն ուժի մեջ է մտել 2025 թ. հունվարի 1-ից։