Foto

Կենտրոնական բանկը ի զորու չէ պաշտպանել մարդկանց բանկային զեղծարարությունից․ Դավիթ Խաժակյան

ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը գրել է.

«Կենտրոնական բանկը ի զորու չէ պաշտպանել մարդկանց բանկային զեղծարարությունից։

Մի երկրում, որտեղ առևտրային բանկը առանց պայմանագրի, հենց այնպես, «օդից» կարող է մարդու անունով վարկ գրանցել, ինչպե՞ս կարելի է պնդել, որ ԿԲ-ն պատշաճ կատարում է իր գործառույթը։

Արդեն խոսել եմ այն մասին, որ «Յունիբանկ»-ը մարդկանց անուններով, առանց իրենց իմացության վարկեր է ձևակերպում և ուղարկում իրավապահների դուռը։ Սակայն ինձ համար ապշեցնող է այս ամենում այն, որ դա իրականացվում է առանց պայմանագրի։

Տարրական իրավական մոտեցումն անգամ հուշում է, որ մարդը պարտապան է դառնում պայմանագրի հիմքով։ Քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ «Վարկային պայմանագրով փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից»։ Չկա վարկային պայմանագիրը, ուրեմն չի կարող լինել որևէ տեսակի պարտավորություն բանկի նկատմամբ։ Մինչդեռ բանկը հանդգնում է մարդկանց ասել, որ թեև պայմանագիր չկա, թող այդ վարկի օրինականության հարցը իրավապահները պարզեն։

ԿԲ-ն իր հերթին միջոցներ չի ձեռնարկում՝ պարտավորեցնելու բանկին ազատել մարդկանց այն վարկային պարտավորությունից, որը առանց հիմքի ձևակերպվել է բանկի պատերի ներսում։ Իրավապահների մասին չեմ խոսում, զեղծարարություն կատարողները դեռևս բացահայտված չեն։

Այս ամենը նշանակում է, որ քաղաքացին ինքնիրավչությունից պաշտպանված չէ։ Եթե սա աբսուրդ չէ, ապա ես էլ պնդում եմ, որ նույն բանկում ունեմ ներդրված ավանդային միջոցներ և պահանջում եմ բանկին վերադարձնել դրանք։ Պայմանագիր չունեմ։ Չե՞ք հավատում, դիմեք իրավապահներին»։