Ես ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել Միքայել Սրբազանի հետ կապված գործը, ես Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի, ես նաև այդ հարցն եմ բարձրացրել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Այդ զգայուն շատ կարևոր հարցը պետք է օր առաջ լուծվի, Սրբազանին պիտի հնարավորություն ընձեռնվի իր բժշկի հսկողությամբ և իր բժշկի անմիջապես մասնակցությամբ բուժում ստանա։ Ցավով ուզում եմ նաև ասել, որ այս տխուր վիճակագրությունը նաև մեզ զգոնության, սթափության առիթ է տալիս, որ այս հարցերի վերաբերյալ մենք այնպես պիտի անենք, որ այդ 23 մահվան դեպքը չդառնա 24։
Ցավով ուզում եմ նաև ասել, որ կարող է այդ 24-րդը, Աստված մի արածը նաև լինի սրբազան հայրը։ Ես պահանջատեր եմ լինելու, և իմ պահանջը պիտի անհապաղ բավարարվի, և մարդը պիտի պատշաճ բուժօգնության արժանանա»,–ասաց նա։
Դանիելյանը նշեց, որ Միքայել Սրբազանը համապատասխան ընթացակարգերով անցել է. «Այս հարցը պիտի անհապաղ լուծվի։ Կներեք, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել։
Եթե վիրահատության կարիք կա, ուրեմն լուրջ է, չէ՞, որ մարդը վիրահատության կարիք ունի։
Համապատասխան պաշտպանը դիմում է ուղարկել, ինձ ասացին, որ դիմումի հետ կապված որոշակի խնդիրներ է եղել, ձևը ինչ-որ պիտի փոխվի, այսինքն խնդիրը բյուրոկրատական քաշքշուկների մեջ է։ Մենք այդ ուղղումն էլ կանենք, և կտեսնենք դրանից հետո նորից էլի ձգձգումներ, արհեստական խոչընդոտներ ստեղծվում են, թե չեն ստեղծվում։
Սա պիտի ազդակ լինի մեզ բոլորիս, որ առաջին քրիստոնյա ժողովուրդը լինելով, մենք իրավունք չունենք սրբազան հորը և մյուս սրբազաններին պահել այդ պայմաններում։ Անդառնալի հետևանքներ կարող են լինել և դա ոչ մեկին պատիվ չի բերում, սա խայտառակություն է»,– ընդգծեց պատգամավորը։









