Չինաստանը վճռական բողոք է հայտնել այն առնչությամբ, որ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին շարունակում է խափանել երկկողմ հարաբերությունների քաղաքական հիմքը, որը սահմանվել է չին-ճապոնական չորս քաղաքական փաստաթղթերի ոգով։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, փոխանցել է «Սինհուան»։
Ինչպես տեղեկացվել է, չորեքշաբթի ընդդիմադիր կուսակցության առաջնորդների հետ բանավեճի ժամանակ Սանաե Տակաիտին հայտնել է. «Հրաժարվելով Սան Ֆրանցիսկոյի խաղաղության պայմանագրով նախատեսված բոլոր իրավունքներից եւ պահանջներից՝ մենք այն դիրքում չենք, որ ճանաչենք Թայվանի իրավական կարգավիճակը»։
Ի պատասխան՝ Գո Ցզյակունը նշել է, որ Թայվանի վերադարձը Չինաստանին Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի պտուղներից մեկն էր եւ պատերազմից հետո միջազգային կարգի անբաժանելի մասը։ Նա ընդգծել է, որ մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ Կահիրեի, Պոտսդամի հռչակագրերը եւ Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը, հաստատել են Չինաստանի ինքնիշխանությունը Թայվանի նկատմամբ։
Չինացի դիվանագետի խոսքով՝ Թայվանի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծվել է 1945թ․, երբ Չինաստանը հաղթանակ տարավ չինական ժողովրդի դիմադրության պատերազմում՝ ընդդեմ ճապոնական ագրեսիայի։ 1949թ․ հոկտեմբերի 1-ին ստեղծվեց Չինաստանի Կենտրոնական Ժողովրդական կառավարությունը, եւ այդ ժամանակվանից ի վեր այն միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ամբողջ Չինաստանը։ Կառավարության այս փոփոխությունը չի փոխել Չինաստանի կարգավիճակը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, եւ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային սահմանները մնացել են անփոփոխ։ Հետեւաբար, նշել է Գո Ցզյակունը, Չինաստանի կառավարությունը բնականաբար եւ լիարժեքորեն օգտագործում եւ իրականացնում է Չինաստանի ինքնիշխանությունը, այդ թվում՝ Թայվանի նկատմամբ։
Նա նաեւ վկայակոչել է 1972թ․ չին-ճապոնական համատեղ հայտարարության դրույթները, որոնցում ասվում է. «Ճապոնիայի կառավարությունը ճանաչում է Չինաստանի կառավարությունը որպես Չինաստանի միակ օրինական կառավարություն։ Չինաստանի կառավարությունը վերահաստատում է, որ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է։ Ճապոնիայի կառավարությունը լիովին հասկանում եւ հարգում է Չինաստանի կառավարության այս դիրքորոշումը եւ վճռականորեն հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը՝ համաձայն Պոտսդամի հռչակագրի 8-րդ հոդվածի»։
Գո Ցզյակունը նշել է, որ այսպես կոչված Սան Ֆրանցիսկոյի խաղաղության պայմանագիրը կնքվել է որպես առանձին խաղաղության պայմանագիր Ճապոնիայի հետ՝ առանց Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական կողմերի, ինչպիսին են Չինաստանը եւ Խորհրդային Միությունը, մասնակցության։ Այս փաստաթուղթը խախտում է Միավորված Ազգերի Կազմակերպության 1942թ․ հռչակագիրը, որը ստորագրվել է 26 երկրների, այդ թվում՝ Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԽՍՀՄ-ի կողմից, ըստ որի՝ յուրաքանչյուր կառավարություն պարտավորվում է չկնքել առանձին զինադադար կամ խաղաղություն իր թշնամիների հետ, ինչպես նաեւ խախտում է ՄԱԿ կանոնադրությունը եւ միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ պայմանագրում Թայվանի նկատմամբ ինքնիշխանության եւ պայմանագիրը չստորագրած Չինաստանի այլ տարածքային ու ինքնիշխան իրավունքների վերաբերյալ նշված ամեն ինչ լիովին անօրինական է եւ անվավեր։
Դիվանագետը նշել է, որ Սանաե Տակաիտին դիտավորյալ բաց է թողել Կահիրեի եւ Պոտսդամի հռչակագրերը՝ երկու միջազգային իրավական փաստաթղթեր, որոնք ունեն լիարժեք իրավական ուժ եւ որոնց հղումներ են արվում չին-ճապոնական համատեղ հայտարարության, Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ խաղաղության եւ բարեկամության պայմանագրի եւ երկկողմ այլ պայմանագրերի մեջ, փոխարենը բացառապես հղում է կատարել Սան Ֆրանցիսկոյի խաղաղության անօրինական եւ անվավեր պայմանագրին։
Գո Ցզյակունի խոսքով՝ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ճապոնիայի վարչապետը շարունակում է չընդունել իր սխալները եւ հրաժարվել սխալ ընթացքից, շարունակում է խաթարել չին-ճապոնական չորս քաղաքական փաստաթղթերի ոգուն համապատասխան հաստատված չին-ճապոնական հարաբերությունների քաղաքական հիմքը, անտեսում է ՄԱԿ հեղինակությունը, բացահայտորեն մարտահրավեր է նետում պատերազմից հետո ձեւավորված միջազգային կարգին եւ միջազգային իրավունքի հիմնական նորմերին եւ նույնիսկ փորձում է առաջ մղել «Թայվանի անորոշ կարգավիճակի» գաղափարը։ Այս ամենը միայն սրում է սխալը նրա գործողություններում, հայտարարել է չինացի դիվանագետը։
«Չինաստանը կտրականապես մերժում է սա եւ կոչ է անում միջազգային հանրությանը ցուցաբերել ծայրահեղ զգոնություն։ Մենք կրկին կոչ ենք անում ճապոնական կողմին մտորել իր գործողությունների շուրջ, ուղղել սխալները, հրաժարվել իր անճշտ հայտարարություններից, ձեռնարկել գործնական քայլեր Չինաստանի նկատմամբ իր պարտավորությունները կատարելու համար եւ անել առնվազն նվազագույնը, որը Ճապոնիան պարտավոր է անել որպես ՄԱԿ անդամ պետություն»,- եզրափակել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։









