Foto

Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է շուրջ 130-ի

Հոնկոնգի բնակելի համալիրներից մեկում վերջին 80 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի հրդեհի զոհերի թիվը հասել է 128-ի, մոտ 200 մարդ անհետ կորած է։ Փրկարարական աշխատանքներն ավարտվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

«Մենք չենք բացառում ​​հավանականությունը, որ կարող են հայտնաբերվել ավելի շատ դիակներ, երբ ոստիկանությունը մանրամասն հետաքննությունների համար մուտք գործի շենք», - մամուլի ասուլիսում ասել է Հոնկոնգի անվտանգության պետ Քրիս Թանը՝ հավելելով, որ 128 զոհերից միայն 39 է նույնականացվել։

Թանը նաև նշել է, որ համալիրում հրդեհային ազդանշանները պատշաճ կերպով չեն աշխատել։

«Փրկարարական աշխատանքներն ավարտվել են, և առնվազն 79 մարդ, այդ թվում՝ 12 հրշեջ, վիրավորվել է։ Մեր նպատակն է այժմ ապահովել, որ շենքում ջերմաստիճանն իջնի, և երբ ամեն ինչ անվտանգ համարվի, ոստիկանությունը կհավաքի ապացույցներ և կանցկացնի հետագա հետաքննություն», - հավելել է Թանը։

Թայ Պո շրջանի Վան Ֆուկ Քորթ թաղամասի 32-հարկանի ութ շենքերից բաղկացած բնակելի համալիրում հրդեհը սկսվել և արագ տարածվել է նոյեմբերի 26-ի կեսօրին։  Բնակելի թաղամասում կար 2000 բնակարան, որտեղ ապրում էր ավելի քան 4600 մարդ։ 

Հրդեհի առաջացման պատճառները դեռ հետաքննվում են, սակայն մասնագետներն ասում են, որ կրակն արագ տարածվել է շենքերում շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող դյուրավառ ցանցերի և բամբուկե փայտամածների պատճառով։ 

Չկանխամտածված սպանության համար ձերբակալել է երեք մարդ՝ շինարարական ընկերության տնօրեններից երկուսը և ինժեներ-խորհրդատուն։