Բնության մեջ չկան այնպիսի կոմպրոմատներ, որն ավելի արատավորեր այս մարդկանց, քան այն, ինչ իրենք արեցին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հետ եպիսկոպոսների հանդիպմանը։
Մելիքյանի համար ինչ-որ տեղ սպասելի, ինչ-որ տեղ՝ անսպասելի էր Փաշինյանի հետ հանդիպած ութ եպիսկոպոսները, որոնք ձեռք են սեղմել Փաշինյանի հետ, ինչով շատ բանի տակ ստորագրեցին։
«Շատերս դա անվանեցինք դավաճանություն, ինչը շատ տեղին տերմին է, հակառակի մասին տեղեկություն չունենք, որ զենք են դրած եղել այդ մարդկանց գլխին, հարկադրաբար են տարել։ Արցախի թեմի առաջնորդի մասին դավաճանություն բառը նույնիսկ մեղմ է, ոչ հայերենը, ոչ այլ լեզու չունի համարժեք, թե ինչպես կարելի է կոչել նրա կողմից այս արարքը, մի մարդու, որն անմիջական պատասխանատու է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչման, մեր սրբություններն ադրբեջանցիների կողմից պղծման, այդ մասով դավաճանությունը մեղմ է»,- նշեց Մելիքյանը։
Նրա խոսքով՝ Եկեղեցու նկատմամբ այս ալիքը սկսեց այն բանից հետո, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայում կազմակերպեց համաժողով՝ ցույց տալով, որ նա հաստատակամ կանգնած է մեր ազգային ինքնության, դրա հիմնասյուների վրա, բարձրացրեց Արցախի հարցը։ Այս ամենին հաջորդեց համակարգված լկտիությունները, Հայրապետին սկսեցին դիմել ավազանի անունով, մինչդեռ, երեկ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությամբ եպիսկոպոսներին ավազանի անունով չէր նշված։
«Այդ մարդիկ, սեղմելով իրենց հոգևոր հորն ավազանի անունով դիմած անձի ձեռքը, իրավունք են վաստակել, որ նաև իրենց դիմեն ավազանի անունով, ես այդ մարդկանց մեջ չեմ մտնում։ Կորցրել են իրավունք, որ շարունակեն կրել հոգևոր անունները»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ դա հանրային բարոյականության տիրույթում է։
Մելիքյանի խոսքով՝ բնության մեջ չկան այնպիսի կոմպրոմատներ, որն ավելի արատավորեր այս մարդկանց, քան այն, ինչ իրենք արեցին։ Մելիքյանը հիշեցրեց Միքայել, Բագրատ, Մկրտիչ Սրբազաններին, որոնցից վստահաբար պահանջվում էր ընդամենը լռել, չէր պահանջվում ձեռք սեղմել, այդ մարդիկ չլռեցին և հայտնվեցին բանտում։
«Այդ ի՞նչ պետք է լիներ, հրապարակվեր, որ նախընտրեցիք դավաճանական գործողությունը»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ իրավիճակն այնպիսի հանգրվանի է հասել, որ պետք է սառը պատրաստ լինենք, որ հոգևորականների մասին տեղեկություններ կստացվեն, որոնք արդեն ստացվում են։
«Գուցե սա է այն ծանր ճանապարհը, որով պետք է անցնենք և եկեղեցին իսկապես մաքրվի»։









