Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն»-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» (WorldSkills Armenia) ազգային 9-րդ մրցույթը։
ՄԿՈՒ ոլորտում միջազգային մրցույթների կազմակերպման գործում առանցքային դեր ունի «Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպությունը (WorldSkills International), որի կազմում այսօր ընդգրկված է մոտ 90 երկիր։ Ոչ առևտրային ու քաղաքական չեզոք այս կառույցը ձևավորվել է 75 տարի առաջ՝ փոքր հմտությունների մրցույթից վերածվելով համաշխարհային մեծ հարթակի։
Տասնամյակների ընթացքում կազմակերպությունը շարունակել է իր առաքելությունը՝ ձևավորելով տեսլական, որի առանցքում կարողությունների զարգացումն է, նոր հնարավորությունների բացահայտումն ու գլոբալ համագործակցությունը։ Այսօր WorldSkills-ը գերազանց հմտությունների և նորարար մտածողության առաջխաղացման հարթակ է, որտեղ երիտասարդները ոչ միայն ներկայացնում են իրենց մասնագիտական կարողությունները, այլ նաև մասնակցում են ապագայի բարեփոխումներին։
Հայաստանը WorldSkills միջազգային ընտանիքին միացել է 2012-թ․ իսկ 2016 թվականից դարձել է կազմակերպության լիիրավ անդամ։ Միջազգային հարթակում Հայաստանը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը՝ WorldSkills Armenia անունով։ Վերջին տարիներին Հայաստանի ազգային թիմը մասնակցել է մի շարք երկրներում կայացած մրցույթների՝ արժանապատվորեն ներկայացնելով մեր երկիրը և ցույց տալով, որ Հայաստանում իրականացվող արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը կարող է պատրաստել որակյալ, մրցունակ ու միջազգային շուկայում պահանջված մասնագետներ։
«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը այս տարի կիրականացվի նոյեմբերի 28-29-ին՝ ընդգրկելով հինգ մրցունակ հմտությունների ոլորտ․ բջջային հավելվածների պատրաստում, վեբ տեխնոլոգիաներ, թվային ինտերակտիվ մեդիա դիզայն, խոհարարություն, նորաձևության տեխնոլոգիա։
Այս տարի մրցույթը կազմակերպվում է երկու փուլով։ Նախապես հայտագրված 91 մասնակցից նախնական փուլը հաղթահարել և եզրափակիչ է անցել 26 մասնակից։
Ազգային մրցույթի նպատակն է խթանել երիտասարդների մասնագիտական զարգացումը, բարձրացնել հմտությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը և ամրապնդել ՄԿՈՒ ոլորտի միջազգային ինտեգրումը։ Մրցույթը նաև հնարավորություն է տալիս բացահայտելու այն տաղանդավոր երիտասարդներին, որոնք ապագայում կարող են ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում՝ ամրապնդելով մեր երկրի դիրքերը հմտությունների գլոբալ քարտեզում։
«Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպության հիմնական նպատակն ու առաքելությունն է բարելավել աշխարհը հմտությունների միջոցով։ Այս մրցույթի առաջնային խնդիրն է աջակցել և աշխարհին ներկայացնել հմուտ մասնագետներին՝ ցույց տալով, թե որքան կարևոր են հմտությունները տնտեսական աճի և անձնական հաջողությունների համար:














