Foto

Սկանդալ Ֆրանսիայում. ֆուտբոլիստների անձնական տվյալները գողացվել են

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան (ՖՖՖ) պաշտոնական կայքում հայտնել է, որ ակումբների վարչական կառավարման համար օգտագործվող ծրագրային ապահովումը ենթարկվել է մասշտաբային կիբերհարձակման։

Միջադեպի հետևանքով գողացվել են մի քանի ակումբների գրանցված ֆուտբոլիստների տվյալները։ Տուժած խաղացողների անունները չեն հրապարակվում, սակայն հայտնի է դարձել արտահոսած տեղեկատվության ցանկը։

«Կիբերհարձակման արդյունքում հաքերների ձեռքն են անցել հետևյալ տվյալները՝ անուն, ազգանուն, սեռ, ծննդյան ամսաթիվ և վայր, քաղաքացիություն, փոստային և էլեկտրոնային հասցեներ, հեռախոսահամար և լիցենզիայի համար»,- ասված է ՖՖՖ-ի հայտարարության մեջ:

Ֆեդերացիան ընդգծել է, որ մշտապես աշխատում է անվտանգության միջոցառումների խստացման ուղղությամբ՝ պաշտպանելու իրեն վստահված տվյալները աճող թվային սպառնալիքներից։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ. 2024 թվականի մարտին ՖՖՖ-ն կրկին ենթարկվել էր տվյալների գողության։ Այն ժամանակ հափշտակված անձնական տվյալները (ներառյալ մարզիկների տարիքն ու ակումբային պատկանելությունը) հանվել էին վաճառքի համացանցում։

Աղբյուրը՝ Armsport.am: