Foto

Կոտայքի պարեկների ու բժիշկների շնորհիվ 1-ամյա տղայի կյանքը փրկվել է

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, կրկին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների և Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանք, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ Հրազդանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում ամուսիններ, որոնցից մոր գրկին լինում է երեխա, և շնչակտուր դիմում են պարեկներին՝ ասելով, որ իրենց 1 տարեկան տղայի ինքնազգացողությունը վատացել է ու ոչ միայն գունատված է, այլև շնչահեղձ է լինում, և խնդրել են, եթե հնարավոր է, պարեկներն իրենց ուղեկցեն մոտակա հիվանդանոց։

Տեղում գումարտակի հրամանատար Ա. Մարտիրոսյանի հանձնարարականով գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ա. Ասատրյանն ու 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկ Նարեկ Հովսեփյանն ու կրտսեր պարեկ Կարեն Սախոյանը իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային ու ծնողներին Մ4 Իջևան - Սևան - Երևան ավտոճանապարհի 121 կմ հատվածից իրենց ծառայողական ավտոմեքենայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Արդեն տեղում բժշկական կենտրոնի բժիշկները փրկում են երեխայի կյանքը, սակայն երեխան 2-3 օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

«Հրաշք տեղի ունեցավ, և դրա շնորհիվ փրկվեց մեր 1 տարեկան տղան ու դա շնորհիվ առաջին հերթին մեր Կոտայքի մարզի պարեկների և հետո «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի։ Նրանց շնորհիվ մեր տանը նորից լսվելու է մեր չարաճճի տղայի ծիծաղը։ Եթե մենք ճիշտ չկողմնորոշվեինք ու երևի Աստծո կամոք էր, որ այդ պահին նկատեցինք պարեկներին ու դիմեցինք նրանց, ովքեր էլ շատ արագ մեզ հասցրեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Կրկին անգամ մեր ընտանիքի կողմից երախտիքի ու շնորհակալական խոսքեր ենք ուղղում թե՛ պարեկներին, թե՛ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին։ Ձեր աշխատանքի ու մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ մեր ընտանիքի լույսը վառ պահեցիք»,-նշել են ծնողները։