Նիկոլ Փաշինյանի՝ կիրակնօրյա պատարագներին մասնակցելու մասին հայտարարություններից հետո որոշ եկեղեցիներում սկսվել է պատարագների անցկացման «նոր կարգ» գործել։ Պատարագների ընթացքում կամայականությամբ հոգևորականները հերթով զեղչում են կա՛մ Կաթողիկոսի, կա՛մ թեմակալ առաջնորդի, կա՛մ էլ երկուսի անունները միասին։ Նույն պատկերն արձանագրվեց նաև այս կիրակի Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Այստեղ Սուրբ և Անմահ պատարագը մատուցող Տեր Երվանդ քահանա Բաբայանը զեղչեց Կաթողիկոսի անունը, իսկ Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը իր ներկայությամբ և լռությամբ «օրինականացրեց» արարքը։
24News-ը դեռ օրեր առաջ դիմել էր Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին հարցմամբ, թե ի՞նչ կլինի, եթե կրկին Սուրբ Պատարագի ժամանակ չհիշատակվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։ Ինչին ի պատասխան՝ Եսայի քահանան նշել էր, որ երևույթը դատապարտելի է և հակականոնական, նման արարքը կարժանանա համապատասխան գնահատականի և կունենա իր հետևանքները։
Հաշվի առնելով, որ նույն իրողությունը կրկնվեց, 24News-ը կրկին հարցմամբ դիմել է Տեր Եսայի քահանա Արթենյանին՝ հետաքրքրվելով արդյոք նմանօրինակ վարքագիծը մյուսների համար և՞ս «ընդօրինակելի» չի լինի և ի՞նչ է պատրաստվում անել Մայր Աթոռը։
«Խիստ դատապարտելի է Սուրբ Պատարագների ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունը չհիշատակելը, ինչի ականատեսն ենք լինում վերջին շրջանում այն եկեղեցիներում, ուր երկրի վարչապետը իշխող ուժի ներկայացուցիչների ուղեկցությամբ մասնակցում է Պատարագի արարողությանը»,- ընդգծեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նա նաև նախազգուշացրեց, որ այս հակականոնական արարքը կարող է հանգեցնել հերձվածի․
«Նման քայլի դիմողները, մերժելով Եկեղեցու նվիրապետությունը, իրենք իրենց, ցավոք, դուրս են դնում Եկեղեցուց։ Դա իրենց ընտրությունն է, սակայն Եկեղեցին, սպառելով նրանց դարձի բերելու բոլոր հնարավոր միջոցները, ի վերջո հարկադրված է լինելու արձագանքել այդ իրողությանն ըստ արժանվույն։ Հարկ է սթափվել, չընկրկել ներկա բռնաճնշումների պայմաններում և չպառակտել Մայր Եկեղեցին»,- ասաց նա։
Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Երվանդ քահանա Բաբայանը, որը կիրակի օրը փոխարինել էր Տեր Հարություն քահանա Հակոբյանին, ֆեյսբուքում հանդես է եկել վրդովված գրառմամբ՝ դժգոհելով, որ իր թեմի առաջնորդին՝ Տեր Գևորգ եպիսկոպոս, Սարոյանին համեմատել են Բրուտոսի հետ և մեղադրել «դավաճանության» մեջ։ Նա անդրադարձել է նաև պատարագի ընթացքում Կաթողիկոսի անունը չհիշատակելուն․
«Ես չնչին կասկած իսկ չունեմ, որ Գևորգ սրբազանին, ինչպես նաև շատ այլ հոգևորականների թիրախավորում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ փորձում դավաճանի պիտակ կպցնել զուտ նրա համար, որ չեն կիսում եկեղեցի-պետություն հակամարտությանն առնչվող տեսակետները, որը սպառնալիք է Հայ Եկեղեցու և մեր պետականության համար: Վեհափառի անունը չհիշատակելու պատվեր ինձ որևէ մեկը չի տվել, ո՛չ իշխանությունները և ո՛չ էլ իմ առաջնորդը»։
Ի դեպ՝ սույն գրառմամբ կիսվել է նաև Մասյացոտն թեմը իր ֆեյսբուքյան էջում։
24News–ը փորձեց կապ հաստատել անձամբ Գևորգ Սրբազանի հետ, սակայն վերջինիս հետ, ինչպես և օրեր առաջ էր անհնար, այսօր ևս կապ հաստատել չհաջողվեց։
Մենք ողջ օրվա ընթացքում փորձեցինք կապ հաստատել նաև այլ բարձրաստիճան հոգևորականների հետ՝ հասկանալու իրենց դիրքորոշումը՝ Սրբազանի ներկայությամբ և լուռ համաձայնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը զեղչելու հարցի վերաբերյալ։
Մասնավորապես՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի, Մայր Աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հետ, սակայն նրանցից և ոչ ոք չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Միայն Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը պատասխանեց, այն էլ լսելով, որ լրատվական կայքից ենք, շատ արագ պատասխանելով, որ ավելի ուշ կխոսենք, ավելի ուշ այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։

Ի դեպ՝ ըստ մամուլում տարածվող լուրերի և կից շրջանառվող լուսանկարի՝ վերը թվարկված բոլոր բարձրաստիճան հոգևորականները, բացառությամբ Մուշեղ Սրբազանի, Վեհափառ Հայրապետին դիմել են գրությամբ՝ սառեցնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ծառայությունը եկեղեցում՝ կապված համացանցում ենթադրաբար Արշակ Սրբազանին առնչվող տեսանյութերի հետ։ ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութերի տարածման դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ։
Մերի Մանուկյան









