ԵԱՏՄ-ն էական ներդրում է կատարում գլոբալ պարենային ապահովվածության ամրապնդման գործում։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Գոհար Բարսեղյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կենտրոնակայանում։ Ընդունելով գլոբալ պարենային ապահովվածության կարևորությունը՝ Եվրասիական տնտեսական միության պետությունները զգալի ներդրում են ունենում սովի դեմ պայքարում՝ բարձրորակ արտադրանք մատակարարելով համաշխարհային ագրարային շուկա:
«Միությունը ցորենի, արեւածաղկի ձեթի եւ սառեցված ձկան համաշխարհային առաջատար արտահանողն է, ցորենի ալյուրի եւ կանոլայի յուղի մեծությամբ երկրորդ արտահանողը»,- նշել է նա։
ԵՏՀ ներկայացուցիչը նաև մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել։ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կենտրոնակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մաուրիցիո Մարտինի հետ խորհրդակցությունների ժամանակ սահմանվել են ագրոարդյունաբերական համալիրում փոխգործակցության հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ ագրարային հատվածի համակողմանի արդիականացման, կոոպերացիայի և ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման ուղղությամբ։ Հռոմում ՊԳԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կից Միության երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրում ինտեգրման խորացման հեռանկարային ուղղություններն ու հարցերը․
«Վստահ եմ, որ «հնգյակի» երկրների համատեղ գործողությունները թույլ կտան հակազդել աշխարհում ծագող մարտահրավերներին և ամրապնդել միության՝ որպես գլոբալ պարենային ապահովվածության ոլորտում կարևորագույն գործընկերոջ կարգավիճակը», – ընդգծել է Գոհար Բարսեղյանը։









