ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է շաբաթ և կիրակի օրերին Ժնևում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել է ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ամերիկյան առաջարկը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Truth Social հարթակում Թրամփը գրել է, որ, հնարավոր է, «ինչ-որ լավ բան է տեղի ունենում»:
«Արդյո՞ք իսկապես հնարավոր է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվում։ Չհավատաք, մինչև չտեսնեք, բայց, հնարավոր է, ինչ-որ լավ բան է տեղի ունենում», – նշել է ԱՄՆ նախագահը:
Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ «ահռելի առաջընթաց» է գրանցվել:
Ամերիկյան առաջարկով նախատեսվում է, որ Ուկրաինան պետք է հետ քաշի զորքերը Դոնեցկի արևելյան հատվածներից, որոնք այժմ գտնվում են Կիևի վերահսկողության տակ, միջազգային հանրությունը պետք է ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողությունը: Ուկրաինան պետք է նաև նվազեցնի իր զինված ուժերի թվաքանակը՝ ներկայիս 880 հազարից հասցնելով 600 հազարի: Կիևը նաև պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից՝ փոխարենը ստանալով անվտանգության հուսալի երաշխիքներ: Բացի այդ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն, և երկիրը նորից կինտեգրվի համաշխարհային տնտեսության մեջ: Ռուսաստանն էլ պարտավորվում է չներխուժել հարևան երկրներ:









