Foto

Եգիպտոսում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Եգիպտոսում այսօր կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ իշխանությունները չեղարկել էին առաջին փուլի արդյունքները մոտ երկու տասնյակ ընտրատարածքներում՝ ենթադրյալ խախտումների պատճառով, հայտնում էAssociated Press-ը։



Երկու փուլով անցկացվող քվեարկությունը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ամենախիտ բնակչություն ունեցող արաբական երկիրը բախվում է ծանր տնտեսական իրավիճակի՝ չնայած կառավարության լայնածավալ բարեփոխումներին և խիստ խնայողության միջոցներին։ Միջազգային ֆինանսական ինստիտուտները ողջունել են բարեփոխումները, որոնք ներառել են ազգային արժույթի ազատ փոխարժեքի սահմանումը և հիմնական սուբսիդիաների կրճատումը, սակայն դրանք նաև հանգեցրել են էլեկտրաէներգիայի, խմելու ջրի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի՝ ճնշում գործադրելով աղքատների և միջին խավի վրա։



Առաջին փուլը տեղի էր ունեցել նոյեմբերի 10-11-ը՝ 14 նահանգներում, ներառյալ Գիզան և Միջերկրական ծովի նավահանգստային քաղաք Ալեքսանդրիան։ Եղել էին բազմաթիվ խախտումների մասին հաղորդումներ, ինչի հետևանքով նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանձնարարել էր ստուգել այդ դեպքերը։


Ազգային ընտրական հանձնաժողովը կրկնակի ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 3-4-ը՝ 7 նահանգների 19 ընտրատարածքներում։


Ընդհանուր առմամբ, ստորին պալատի 568 մանդատի համար պայքարում է ավելի քան 2500 թեկնածու․ նրանց կեսը՝ որպես անկախ, մյուս կեսը՝ քաղաքական կուսակցությունների կողմից։ Բացի այդ, աս-Սիսին կնշանակի ևս 28 անդամ, ինչի արդյունքում ընդհանուր թիվը կհասնի 596-ի։


Ավելի քան 34 միլիոն մարդ իրավունք ունի քվեարկել երկրորդ փուլում։ Նոր խորհրդարանը երդում կտա հունվարին՝ մինչև գործող պալատների լիազորությունների ժամկետի ավարտը։

news.am