Foto

Ռուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանով և Վրաստանով ժամանել է Հայաստան

Ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։

Դեպի Հայաստանի բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։

Կառավարությունից ընդգծում են՝ այն հանդիսանում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը՝ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանը։

«Նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ սա պատմական իրողություն է․

«Գրեթե 3 ու կես տասնամյակ այս երթուղով Հայաստան բեռներ չէին տեղափոխվել, և ըստ էության, կարելի է ասել` այս երթուղին արդեն գործարկված է։ Առաջիկայում Հայաստան կժամանի նաև ղազախական ծագման ցորենը, որը դեռ Ադրբեջանի տարածքում է»,- նշել է նա։

«Սա Ռուսաստանի տարածքով երկաթուղով եկել է Ադրբեջան, և քանի որ Հայաստան-Ադրբեջան այս պահին ուղիղ երկաթուղային հաղորդակցություն մենք չունենք, մտել է Վրաստան, և Վրաստանից Հայաստան»,- հավելել է Էկոնոմիկայի նախարարը։