Foto

Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար 2026 թ-ին կտրամադրվի 2 մլրդ դրամ. նախարար

Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար 2026 թ-ի պետական բյուջեով նախատեսվում է տրամադրել 2.5 մլրդ դրամ: ԱԺ–ում 2026 թվականին նախնական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը` հավելելով, որ նոր կայարանի կառուցման համար կտրամադրվի 2 մլրդ դրամ։ Փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

«Ուղևորափոխադրման ծառայությունների գծով լիազորությունների իրականացման համար նախատեսվում է տրամադրել 1 մլրդ դրամ։ Բոլոր 3 ծրագրերի իրականացման համար նախատեսված է տրամադրել 5.5 մլրդ դրամ»,- հայտնեց նախարարը։

Նոր կայարանի կառուցման համար գումար է հատկացվում «Քաղաքային զարգացում ծրագրի» շրջանակում, որի ընդհանուր արժեքը 16.6 մլրդ դրամ է։ Հաջորդ ծրագիրը Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցումն է, որին կհատկացվի 7 մլրդ դրամ։

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը դեռ ամռանը հայտարարել էր, որ մետրոյի «Աջափնյակի» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, շինարարությունը կսկսվի 2025 թվականի վերջին–2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը սկսել է մշակվել 2022 թվականին ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 250 մլն դոլար, շինարարության ակնկալվող ժամկետը՝ մինչև 5 տարի։