Որքան Փաշինյանը իր գործողություններով, քաղաքական վարքով, բարոյահոգեբանական գործելաոճով տանի
մեր հասարակությանը դեպի խելագարության կանխավարկածների դաշտ, մենք պետք է ամեն բան անենք օգնելու հասարակությանը, որ դա չդառնա նորմա, ստանդարտ, ընդունելի կարգ և ոճ: Որքան նա իր օրհասական խնդիրների լուծման համար մեզ իջեցնի իր ցածր քաղաքական մշակույթի որակին ու ոճին, մենք չպետք է ընդունենք այդ ցածր ստանդարտը, որպես մարտի դաշտ: Այլ կերպ ասած այս նյութը կարդացողներից որևէ մեկը իրեն չի կարող թույլ տալ արժեքային, տրամաբանական և գիտակից շղթայով վիճել նրա վարչական ռեսուրսի՝ դիցուկ Դիլիջանի «արու» քաղաքապետի կամ Օհանավանքի մատույցներում կիրակի օրը Փաշինանի՝ այլ ոչ թե Աստծո փառաբանմանը եկեղեցի եկած և վերջնականապես մթագնած միտք ունեցող մոլորյալներից որևէ մեկի հետ: Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն:
Ուստի նշենք երկու իրողություն:
Իրողություն 1. Սկսվել է Օհանավանքի դուբլ 2-ի հավաքագրումը: Դրան ընդառաջ կարելի է ասել, որ Փաշինյանի գործերն այնքան «լավ» են, որ նա ստիպված իր թիմի և իր վարչական ռեսուրսի քաղաքական տրաֆիքինգից անցել է նաև նրանց հոգևոր ստրկացմանը կամ այլ կերպ ասած հոգեորսությանը՝ հոգեստրկացման նպատակով:
Իրողություն 2. Կիրակի օրը Սկևռայի մեծագույն սրբություն հրաշագործ մասնատուփը դուրս է բերվելու և ի ցույց դրվի ժողովրդին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այն ունի բացառիկ հոգևոր, պատմաքաղաքական իմաստ և նման է հոգևոր զինանշանի բարձրացմանը՝ որպես հիշեցում, որ հայ ժողովրդի ուժը գալիս է ոչ թե ժամանակավոր իշխանություններից կամ աշխարհիկ հաջողություններից, այլ իր սրբերի հավատքից, եկեղեցու հավերժությունից և ազգի հավաքական ոգուց։ Ժողովուրդը, հաղորդակից լինելով այդ սրբոց մասունքներին, հաղորդակից կդառնա իր սեփական հիշողությանը և զորությանը։ Դա հայ ժողովրդի ինքնահաստատման արարողություն է՝ խավարի, հոգևոր բռնության և արժեքային խզման դեմ։
Որոշիր որտեղ և ում հետ ես լինելու դու:
 
                 
                                








