Foto

Մետաղական լարանում արգելափակված արջի քոթոթը տեղափոխվել է Ուրցաձորի կենսաբազմազանության ապաստարան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից ահազանգ է ստացվել Վայոց ձորի մարզի Հերմոն բնակավայրի վարչական տարածքում ցանկապատում արգելափակված արջի քոթոթի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Տեսչական մարմնի աշխատակիցները մեկնել են նշված վայր, որտեղ մետաղական ինքնաշեն լարանի մեջ արգելափակված հայտնաբերել են մոտ 2 տարեկան արջի քոթոթ։ Տարածքի տեղազննման արդյունքում հայտնաբերվել է նաև 3 մետաղական ինքնաշեն լարան, որն առգրավվել է։

Քոթոթի մետաղական լարանից առաջացած վնասվածքները բուժելու և ապագայում նրան վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ վայրի կենդանին տեղափոխվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։