Քննարկմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ինչպես նաև IDEMIA Identity Security France և A.C.I. Technology S.à.r.l. ֆրանսիական կոնսորցիումի կողմից հիմնադրված «ՀայՓաս» ՓԲԸ աշխատանքային խումբը՝ գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի գլխավորությամբ։

Նախարար Արփինե Սարգսյանը հաստատել է նույնականացման քարտի վերջնական տեսքը՝ ներառյալ ֆոնային գեղարվեստական լուծումները, անվտանգային բաղադրիչները և տվյալների դաշտերը։ Ողջ աշխատանքը կատարվել է համապատասխան ICAO ստանդարտով։

«ՊիկսԱրտ» ընկերության մասնագետները, որոնք խորհրդատվություն են տրամադրում անձնագրերի ձևավորման գործընթացում, ներկայացրել են վիզաների էջերի վիզուալների տարբեր կոնցեպտուալ մոտեցումներ։

«ՀայՓասի» գործընկերները ներկայացրել են ինչպես ընթացիկ, այնպես էլ արդեն իսկ արված աշխատանքները, մասնավորապես.

քննարկվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գլխամասային գրասենյակի շինարարական աշխատանքների ընթացքը․ նույն շենքում տեղակայվելու է նաև մասնավոր գործընկերոջ աշխատակազմը, տվյալների կենտրոնը, իրականացվելու է անհատականացման և տպագրական աշխատանք,

անդրադարձ է կատարվել տարածքային գրասենյակների աշխարհագրական ցանցին և արդիականացման ծրագրերին։ Ըստ նախատեսված ծրագրի՝ Երևանում քաղաքացիների համար մատչելի և բանուկ հատվածներում հիմնված երկու ընդարձակ գրասենյակները հագեցած կլինեն մոդեռն տեխնիկայով՝ կենսական տվյալների հավաքագրման «բոլորը մեկում» ինքնասպասարկման սարքերով, կահավորված սպասասրահներով և միջազգային ստանդարտի գրասենյակային այլ պայմաններով,

ևս 21-22 գրասենյակներ կբացվեն մարզերում՝ նույնանման կահավորանքով և վերազինմամբ։ Ներկայացված լուծումները կներդրվեն նաև ՄՔԾ գրասենյակներում,

ներկայացվել են փաստաթղթերի անվտանգային և տեխնոլոգիական լուծումները,

ընդգծվել է ոլորտը կարգավորող իրավական դաշտում համապատասխան փոփոխությունների իրականացման հրատապությունը։

Իրականացվող միջոցառումները միտված են կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում ժամանակակից, անվտանգ և քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների մատուցմանը։