Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան շաբաթ օրը քննադատել է ՄԱԿ-ը և այլ բազմակողմ ինստիտուտներ՝ հայտարարելով, որ դրանք «դադարել են աշխատել» և չեն կարողացել պաշտպանել Գազայի պատերազմի զոհերին, հաղորդում է AFP-ն:
Լուլան ելույթով հանդես է եկել Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել խոշոր տարածաշրջանային գագաթնաժողովից առաջ, որտեղ բրազիլացի առաջնորդը, հավանաբար, կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Ո՞վ կարող է հանդուրժել ցեղասպանությունը, որն այդքան երկար է շարունակվում Գազայի հատվածում»,- հայտարարել է Լուլան լրագրողներին երկու երկրների միջև կապերի խորացման վերաբերյալ երկկողմ հանդիպումից հետո։ «Բազմակողմ ինստիտուտները, որոնք ստեղծվել էին նման իրադարձությունները կանխելու համար, դադարել են գործել։ Այսօր Անվտանգության խորհուրդը և Միավորված ազգերի կազմակերպությունը այլևս չեն գործում»։
Լուլան նաև, կարծես, քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ասելով, որ «առաջնորդի համար գլուխը բարձր քայլելն ավելի կարևոր է, քան Նոբելյան մրցանակը»։
Այս ամիս Սպիտակ տունը քննադատել էր Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին այն բանից հետո, երբ կոմիտեն Խաղաղության մրցանակը շնորհել է վենեսուելական ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին և անտեսել Թրամփին։ Սկսած հունվարին Սպիտակ տուն երկրորդ անգամ վերադառնալուց, Թրամփը բազմիցս պնդել էր, որ ինքն իսկապես արժանի է Նոբելյան մրցանակի՝ բազմաթիվ կոնֆլիկտների լուծման իր դերի համար։ Այս պնդումը դիտորդների կարծիքով խիստ չափազանցված է։
Միևնույն ժամանակ, Թրամփը և Լուլան սկսել են հարթել իրենց տարաձայնությունները՝ Թրամփի դաշնակցի՝ Բրազիլիայի ծայրահեղ աջ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի դատական գործընթացի և դատապարտման շուրջ մի քանի ամիս տևած թշնամանքից հետո։
Թրամփը 50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել բրազիլական բազմաթիվ ապրանքների վրա և պատժամիջոցներ կիրառել մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Գերագույն դատարանի դատավորի նկատմամբ, որպեսզի պատժի Բրազիլիային այն բանի համար, որը նա անվանել է «վհուկների որս» ընդդեմ Բոլսոնարուի։
Բրազիլիայի Գերագույն դատարանը սեպտեմբերին Բոլսոնարուին դատապարտել է 27 տարվա ազատազրկման՝ պետական հեղաշրջման ձախողված փորձին մասնակցելու համար, այն բանից հետո, երբ նա պարտվել էր Լուլային 2022 թվականի ընտրություններում։
Սակայն Թրամփի և Լուլայի հարաբերությունները սկսել են «հալվել», երբ երկու 79-ամյա առաջնորդները կարճ հանդիպում են ունեցել սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Այնուհետև, հոկտեմբերի 6-ին, նրանք հեռախոսով զրուցել են և առաջին անգամ բարձրացրել ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում հանդիպելու հնարավորության հարցը։









