Foto

Լիահույս եմ, որ մոտ ապագայում Ղազախստան իմ պաշտոնական այցի ընթացքում կքննարկենք Հայաստան–Ղազախստան միջպետական օրակարգը. Փաշինյանը՝ Տոկաևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ղազախստանի բարեկամ ժողովրդին` Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

Հիրավի նշանակալի են Ղազախստանի անկախ պետականության ամրապնդման, քաղաքական և քաղաքացիական ինստիտուտների կայացման, երկրի սոցիալ-տնտեսական, գիտակրթական և մշակութային զարգացմանը միտված բարեփոխումները։ Ձեր հեռատես մոտեցումների և հետևողական ու սկզբունքային քայլերի շնորհիվ Ղազախստանն այսօր էական դերակատարություն ունի տարածաշրջանային և գլոբալ հարցերում՝ հարգանք վայելելով միջազգային ասպարեզում։

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների բարեկամության ու փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթների վրա հիմնված միջպետական հարաբերություններում առկա դինամիկան, նախորդ տարի կայացած Ձեր պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ մեկտեղ, ի հայտ կբերեն Երևանի և Աստանայի փոխգործակցության խորացման նոր դրսևորումներ։

Լիահույս եմ, որ մոտ ապագայում նախատեսված Ղազախստան իմ պաշտոնական այցի ընթացքում մենք կքննարկենք Հայաստան–Ղազախստան միջպետական օրակարգը՝ ի նպաստ բարեկամության, բարօրության և դեպի ապագան միտված երկկողմ ռազմավարական հարաբերությունների առաջմղման։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի շահ Ղազախստանի բարեկամ ժողովրդի»: