Foto

Երիտասարդները դառնում են բնապահպանական գործընթացների լիարժեք մասնակից․ Համբարձում Մաթևոսյան

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նախարարությունում հյուրընկալեց Կլիմայի փոփոխության հարցերի երիտասարդական խորհրդի անդամներին։ Հանդիպումն առանձնապես կարևոր էր, քանի որ, նախարարի համոզմամբ, հենց երիտասարդներն են ապրելու այն ապագայում, որը կառուցվում է այսօր։

Նախարարը բարձր գնահատեց երիտասարդների հետաքրքրասիրությունը, համարձակությունն ու նորարարական գաղափարները՝ դրանք համարելով այն ուժը, որը կարող է փոխել Հայաստանը և աշխարհը։

«Այդ համոզմունքով էլ 2025 թվականի հունիսին կյանքի է կոչվել Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդը։

Այսուհետ երիտասարդների ձայնը ոչ միայն լսելի է լինելու, այլ նաև ներառվելու է որոշումների կայացման գործընթացներում՝ հնարավորություն տալով ներկայացնել իրենց համայնքների խնդիրներն ու բնապահպանական պատկերացումները ապագայի մասին»,-նշեց նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արդեն իրականացվող բնապահպանական նախաձեռնությունները, և նախարարը նշել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել երիտասարդների նոր առաջարկների իրագործմանը։

Նախարարը ներկայացրել է նաև COP 17-ի նախապատրաստական աշխատանքները՝ ընդգծելով, որ համաժողովը կլինի առավել ներառական, և երիտասարդների ներգրավվածությունը անհրաժեշտ է գործընթացի բոլոր փուլերում։

Առանձին անդրադարձ է եղել Երիտասարդների տեղական համաժողովին (LCOY)․ խորհրդի անդամները նախարարին են փոխանցել COP 30-ին ընդառաջ ընդունված Հայաստանի Ազգային երիտասարդական հայտարարությունը, որն ընդգրկվելու է Գլոբալ երիտասարդական հայտարարության կազմում և ներկայացվելու է Բրազիլիայում՝ այս տարվա նոյեմբերին։

Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում․ երիտասարդները մեծ հետաքրքրությամբ հարցեր են ուղղել միջազգային գործընթացների և շրջակա միջավայրի ոլորտի ծրագրերում իրենց ներգրավվածության հնարավորությունների վերաբերյալ։