Հայաստանում քաղբանտարկյալների թիվը օրեցօր աճում է։ Քաղաքական գործիչներն ու փորձագետները դրա հիմնական պատճառը համարում են ներկա իշխանությունների՝ մեղմ ասած, ոչ ճիշտ քաղաքական գործելաոճը։
Վերջին շրջանում հաճախակի են դարձել հոգևորականների և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները․ նրանց նկատմամբ կիրառվում են քրեական հետապնդումներ, քանի որ նրանք իշխանությունների համար «վտանգավոր» են համարվում։
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ իշխանությունը, կարծես, սկսել է քայլեր ձեռնարկել սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Այս գործընթացի հետևանքով երկու տարվա ազատազրկման է դատապարտվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, երկու ամսով կալանավորվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ինչպես նաև մի քանի այլ հոգևորականներ, իսկ Բագրատ Գալստանյանի դատական գործընթացը դեռ շարունակվում է։
Հոգևորականներից բացի՝ որոշ քաղաքական ուժերի գնահատմամբ, քաղբանտարկյալներ են նաև բարերար Սամվել Կարապետյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Ռուբեն Մխիթարյանը և այլք։
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, «Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է մի շարք քրեական գործերի ապօրինի լինելը» թեմայով հրավիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում Mediahub-ը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ հարցնելով, թե այս պահին քանի քաղբանտարկյալ կա Հայաստանում, և ինչպես է պատկերացնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։
«Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների թիվը շատ ավելի մեծ է։ Եթե խոսում ենք մոտավորապես 40 անձի մասին, որոնք փաստացի ազատազրկված են, ապա քաղաքական հետապնդումների ընդհանուր թիվը անցնում է 100-ը։ Մենք հիմա նաև այդ աշխատանքներ ենք տանում, որպեսզի ունենանք բոլոր քաղաքական հետապնդումների մասով տեղեկություն»,- նշեց Մինասյանը։
Պատգամավորը հավելեց, որ փաստացի անազատության մեջ գտնվողների թիվը արդեն անցնում է չորս տասնյակը։
Իրավապաշտպան Վահե Գրիգորյանն իր հերթին անդրադարձավ վերջերս կալանավորված Ռուբեն Մխիթարյանի գործին՝ նշելով, որ նրա կալանավորումը ևս կապված է հավաքների ազատության թեմայի հետ։
Գրիգորյանի խոսքով՝ Մխիթարյանը հավաքին մասնակցել է որպես իրավապաշտպան, սակայն, անկախ դրանից, դատարանը նրա նկատմամբ կիրառել է երկու ամսվա կալանք։
Էմմա Մարտիրոսյան









