Foto

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ևս համաձայն է, որ կարմիր գծերի թանկացումը չի բերել քաղաքի կամ գոնե կենտրոնի բեռնաթափման

Մի պահ հանգիստ թողնենք չստացված քահանա անտեր Ստեփանին ու վերադառնանք այն հարցերին, որից մեզ ցանկանում է շեղել իշխանությունը։

Օրերս կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը բողոքում էր խցանումներից. լսեցի, ու տպավորություն էր, որ Երևանի քաղաքապետը և վարչապետը տարբեր քաղաքական թիմերից են, չէ որ ըստ քաղաքապետի ու իր ավագանիների` կարմիր գծերի թանկացումը բերելու էր քաղաքի (կենտրոնի) բեռնաթափմանը ու դրա պատճառով սակագինը կտրուկ թանկացավ` հասնելով տարեկան 160 հազար դրամի։

Հետո հիշեցի, որ կարմիր գծերի թե' 2024, թե' 2025թթ թանկացումը Վարչական դատարանի կողմից «Մայր Հայաստան» խմբակցության դիմումների հիման վրա երկու տարբեր գործերով ոչ իրավաչափ է ճանաչվել։

Հետո հիշեցի, որ Երևանի քաղաքապետարանը/իշխող ավագանին, խախտելով վարույթի կասեցման պահանջը, շարունակում է ոչ իրավաչափորեն տուգանել քաղաքացիներին։

Հետո կրկին հիշեցի, որ ըստ Նիկոլ Փաշինյանի` խցանումների վիճակը շատ վատ է, այսինքն` Նիկոլ Փաշինյանը ևս համաձայն է, որ քաղաքը չի բեռնաթափվել, այսինքն` Նիկոլ Փաշինյանը ևս համաձայն է, որ կարմիր գծերի թանկացումը չի բերել քաղաքի կամ գոնե կենտրոնի բեռնաթափման։

Ենթադրվում է, որ Երևանի ավագանու իշխող խմբակցությունը ականջալուր կլինի գոնե իրենց իսկ քաղաքական ղեկավարին և կչեղարկի հետայսու ոչ միայն Վարչական դատարանի կողմից, այլև իրենց քաղաքական ղեկավարի կողմից ոչ արդյունավետ ճանաչված կարմիր գծերի թանկացումը։

Իրավաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից