Foto

Ադրբեջանի «գորշ կարդինալն» ու Ալիևի դեմ մահափորձը

«Գեղարդ» վերլուծական․

«Ադրբեջանի քաղաքական համակարգի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Ռամիզ Մեհդիևը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարն ու Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահը, մեղադրվում է պետական դավաճանության և իշխանությունը բռնի կերպով զավթելու փորձի մեջ։

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը որոշում է կայացրել 87-ամյա Մեհդիևի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ․ որպես խափանման միջոց ընտրվել է 4 ամիս ժամկետով տնային կալանքը։ Մեհդիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 (պետական իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում) հոդվածներով։

Իշխանական աղբյուրները պնդում են, որ Մեհդիևը կարող է զրկվել իր անշարժ գույքից, քանի որ նրան առաջադրված մեղադրանքները թույլ են տալիս բռնագրավել գույքը։ Բացի այդ` դատարանը կարող է զրկել Մեհդիևին պատվավոր կոչումներից և պետական պարգևներից (2008 թ․ պարգևատրվել է «Իստիգլալ», 2013 թ․՝ «Շարաֆ», 2018 թ․՝ «Շոհրատ», 2019 թ․՝ «Հեյդար Ալիևի» շքանշաններով)։ Ըստ ադրբեջանական մամուլի հաղորդագրությունների՝ Մեհդիևի ընտանիքի բոլոր անդամների համար սահմանվել են Ադրբեջանից դուրս գալու սահմանափակումներ։ Դրանք վերաբերում են Մեհդիևի կնոջը՝ Գալինա Մեհդիևային (որոշ տեղեկությունների համաձայն՝ նա ազգությամբ հայ է), որդուն՝ Թեյմուր Մեհդիևին և դստերը՝ Կամիլա Ալիևային, ինչպես նաև Մեհդիևի փեսային՝ նախկին պատգամավոր Իլհամ Ալիևին։

ՌԴ-ի օգնությամբ հեղաշրջման փորձ

Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի APA իշխանամերձ լրատվամիջոցը հրապարակեց «Ինչպե՞ս է բացահայտվել Ռամիզ Մեհդիևի հեղաշրջման դավադրությունը» վերնագրով հոդված, որտեղ նշված է, թե Մեհդիևը փորձել է ՌԴ-ի աջակցությամբ հեղաշրջում նախապատրաստել, սակայն ռուսական կողմն այդ մասին տեղեկացրել է Բաքվին։ Ըստ լրատվամիջոցի՝ Ռամիզ Մեհդիևը Ռուսաստանի աջակցությամբ պատրաստել է պետական հեղաշրջման ծրագիր և իր խողովակներով այն առաջարկել է ռուսական կողմին։ Ավելին՝ Մեհդիևը փորձել է օգտվել Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածության շրջանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ի միջադեպից հետո, երբ «AZAL»-ի օդանավը խոցվել էր Ռուսաստանի օդային տարածքում։ Իր վաղեմի ընկերների միջոցով Մոսկվային փոխանցելով, որ հեղաշրջման ծրագիրն արդեն իսկ մշակվել է, և որ ինքը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա, Մեհդիևն առաջարկել է իշխանության բռնի զավթումից հետո ստեղծել ժամանակավոր մարմին՝ Ժամանակավոր պետական խորհրդի տեսքով, որը կկառավարեր անցումային շրջանը։ Այս ծրագրի համաձայն՝ 87-ամյա նախկին պաշտոնյան պետք է անձամբ գլխավորեր այդ Խորհուրդը։ «APA»-ի աղբյուրը հաղորդում է, որ Կրեմլն ադրբեջանական կողմին տեղեկացրել է Ռամիզ Մեհդիևի առաջարկի և նրա ցանցի ծրագրի մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ՝ Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ։ Լրատվամիջոցն ընդգծում է, թե 87-ամյա Ռամիզ Մեհդիևը, ըստ երևույթին, «ձանձրացրել է Ռուսաստանին՝ իր համառ խնդրանքներով և աջակցություն ստանալու անընդհատ փորձերով»։ Արդյունքում՝ Ռուսաստանը լիովին հրաժարվել է նրանից և ծրագրի ու ցանցի մասին տեղեկատվությունը փոխանցել է պաշտոնական Բաքվին։

«APA»-ն նաև պնդում է, թե Ռուսաստանի հետ Ռամիզ Մեհդիևի սերտ կապերը միշտ են ակնհայտ եղել։ Խորհրդային տարիներին ևս նա հայտնի է եղել որպես Մոսկվայի լրտեսական ցանցի անդամ։ Երկար տարիներ, օգտագործելով իր ազդեցությունը, Մեհդիևը նպաստել է Ռուսաստանին «բարեկամ» պաշտոնյաների առաջխաղացմանն Ադրբեջանի կառավարությունում, խորհրդարանում և լրատվամիջոցներում։

Նշվում է նաև, որ Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ Ադրբեջանում ռուսամետ գործիչները հեռացվել են պաշտոններից, Ռամիզ Մեհդիևը՝ նույնպես։ Դառնալով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ՝ Ռամիզ Մեհդիևն իբր շարունակել է իր խարդավանքներն օգտագործել քաղաքական նպատակներով, ստեղծել անտանելի մթնոլորտ, որի պատճառով ակադեմիայի գրեթե բոլոր ինստիտուտները պահանջել են նրա հրաժարականը։

Ի դեպ, լրատվամիջոցը չի նշում, թե ինչպես է ստացվել, որ «խորհրդային տարիներից Մոսկվայի լրտեսական ցանցի անդամ» Մեհդիևը 1995-2019 թվականներին զբաղեցրել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն ու վայելել Հեյդար Ալիևի, հետագայում էլ Իլհամ Ալիևի վստահությունը։

Ռամիզ Մեհդիևը ծրագրե՞լ էր Իլհամ Ալիևի սպանությունը

«APA»-ի վերոնշյալ հրապարակումից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակեցին Մեհդիևի դեմ արշավը՝ ներկայացնելով «նոր մանրամասներ»։ Ըստ «Вести Баку»-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ հեղաշրջման փորձը ծրագրվել էր 2024 թվականի դեկտեմբերի իրադարձություններից («AZAL»-ի ինքնաթիռի վթարից ) շատ առաջ։ Աղբյուրը նշել է, որ Մեհդիևը դեռևս ազդեցություն է ունեցել առաջատար լրատվամիջոցների խմբագրական քաղաքականության վրա և խորհրդարանում պահպանել է հավատարիմների խումբ, որը պատրաստ է եղել աջակցել «ժամանակավոր կառավարությանը» ճգնաժամի դեպքում։ Սցենարի հիմնական դրվագն էլ օդանավի վթարն է եղել, որը, ենթադրաբար, պետք է լիներ «գործողության ազդակ»։ Նշված է, թե 2024 թվականի դեկտեմբերին ծրագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տեղափոխող նախագահական ինքնաթիռի մասնակցությամբ «դժբախտ պատահար»՝ արտաքնապես նման ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակմանը։ Արդյունքում՝ երկիրը ցնցվում է, խուճապի ու քաոսի մեջ հայտարարվում է «արտակարգ դրություն»։

Ըստ աղբյուրի՝ ծրագիրը համակարգվել է Մոսկվայի ռազմական շրջանակների միջոցով։ Հիմնական կապող օղակներից մեկը գեներալ Նաջմեդդին Սադիգովն էր, ով երկար ժամանակ համարվում էր «Մոսկվայի մարդը» Բաքվում։ Նրան հանձնարարվել էր ապահովել, որ ռուսական զինվորականներն իրականացնեն դիվերսիան՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն, անջատելով GPS-ը՝ կեղծ ազդանշաններ փոխանցելով։ Միաժամանակ, Մեհդիևի կառույցների կողմից վերահսկվող լրատվամիջոցները պատրաստվել են տեղեկատվական հարձակման. նրանք նախապես նյութեր են պատրաստել «խորհրդավոր հարձակման», «ժամանակավոր անվտանգության խորհրդի» և «կառավարման անցման» մասին: Աղբյուրը նշել է, որ «նոր նախարարների» ցուցակները նույնիսկ կազմված են եղել։ Գործողությունը, սակայն, ձախողվել է: Կատարողները սխալ են թույլ տվել. նախագահական ինքնաթիռի փոխարեն խփվել է 30 րոպե առաջ նույն երթուղով թռչող ադրբեջանական ավիաընկերության քաղաքացիական օդանավը: Դրանից հետո, ըստ աղբյուրի, Մոսկվան արագորեն փորձել է վերաշարադրել սցենարը՝ շրջել իրավիճակը, ներկայացնել այն որպես տեխնիկական սխալ և «մասնակիորեն փոխանցել տվյալները»։

Ամենադրամատիկ դրվագը, ըստ նույն արտահոսքի, տեղի է ունեցել ավելի ուշ՝ Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ։ Այնտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Իլհամ Ալիևին, որ Ռուսաստանը «խափանել է մահափորձը» և փոխանցել օպերատիվ տեղեկատվություն, այդ թվում՝ Ադրբեջանում գործող գործակալի անունը։

Ի դեպ, «AZAL»-ի օդանավի ավիաղետի օրն Ալիևի նախագահական ինքնաթիռի խնդիրների մասին 2025 թվականի փետրվարի 5-ին հայտնել էր ադրբեջանական անկախ «Թուրան» գործակալությունը։ Հրապարակման մեջ նշված է, որ Իլհամ Ալիևի պետական օդանավը բախվել է արտաքին տեխնիկական միջամտության 2024 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս։ Այնուհետև լրատվամիջոցը հերքել էր այս տեղեկությունն ու արժանացել պետական քարոզչամեքենայի հարձակումներին։

Մասնավորապես՝ ադրբեջանական իշխանամերձ «Caliber.az»-ն իր ««Սենսացիա», որը չի եղել» հրապարակման մեջ մեղադրանքներ է հնչեցրել «Թուրան» գործակալության հասցեին՝ նշելով, որ Ալիևի օդանավի մասին վերոնշյալ տեղեկությունը «բացարձակ անհեթեթություն է և սուտ»։

Ուշագրավ է, որ այս հրապարակումից մի քանի օր անց՝ փետրվարի 13-ին, «Թուրան» գործակալությունը հայտնել էր, որ դադարեցնում է գործունեությունը, քանի որ չի կարողանում շարունակել իր աշխատանքը ներկա ձևաչափով՝ «շարունակական ֆինանսական սահմանափակումների պատճառով»։

Ի դեպ, ադրբեջանական իշխանական աղբյուրներն ընդգծում են, որ Մեհդիևի տնային կալանքը հստակ ուղերձ է նրա շրջապատին և նրա գաղափարները սատարողներին: Նշվում է, որ Ռամիզ Մեհդիևի մերձավոր շրջապատի թվում են ԱԳ նախկին նախարար Էլմար Մամեդյարովը, նախագահի աշխատակազմի բաժնի նախկին ղեկավար Ալի Հասանովը, մշակույթի նախկին նախարար Աբուլֆազ Գարաևը, «Ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդական կազմակերպության նախկին ակտիվիստ Ազեր Գասիմովը, Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը։ Ռամիզ Մեհդիևի «թիմում» են եղել նաև Քամալ Ալիևը, որը հեռացվել էր դատական համակարգից, տրանսպորտի նախկին նախարար Զիյա Մամեդովը։ Ցուցակում է նաև պատգամավոր Զահիդ Օրուջը, մեկ այլ օրենսդիր Մալահաթ Իբրահիմքըզին և խորհրդարանի այլ անդամներ, ինչպես նաև՝ որոշ գերատեսչությունների մի շարք պաշտոնյաներ։

Սա կարելի է հասկանալ, որպես հնարավոր նոր ձերբակալությունների ազդակ։ Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն իսկ հայտնում են, որ Մեհդիևի ձերբակալությունից հետո, պատասխանատվության է ենթարկվելու նաև Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը։

Ո՞վ է Ռամիզ Մեհդիևը

Խորհրդային շրջանի վերջից մինչև 1990-ական թվականները Ռամիզ Մեհդիևը Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ամենավստահելի անձանցից էր։ 1994 թվականի փետրվարից նախագահ Հեյդար Ալիևի կողմից նշանակվել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ, իսկ 1995 թվականի փետրվարից՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար։ 1995 թվականին ընտրվել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի անդամ։ Իլհամ Ալիևի օրոք Մեհդիևը տարիներ շարունակ պահպանել է գաղափարախոսական քաղաքականության և անվտանգության ապարատի վերահսկողությունը՝ ապահովելով Ալիևների քաղաքական ժառանգության շարունակականությունը՝ հոր մահից հետո օգնելով Իլհամ Ալիևին (նա 2003 թվականի հոկտեմբերի 15-ին կայացած ընտրություններում է առաջին անգամ ընտրվել Ադրբեջանի նախագահ) ամրապնդել իշխանությունը։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2019 թվականը։ 2019-2022 թվականներին Մեհդիևը եղել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ։

Լինելով նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ Մեհդիևը ոչ միայն պաշտոնյա էր, այլև՝ գաղափարախոս և քաղաքական համակարգի հենասյուն։ Նրա ազդեցությունը հատկապես դրսևորվել է ուժային կառույցներում և տեղեկատվական դաշտում։ Մեհդիևը համարվում էր ադրբեջանական քաղաքական դաշտի «գորշ կարդինալը»։ Ավելի շատ ունեցել է ռուսամետ գործչի համբավ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները նրան անվանել են «5-րդ շարասյան» ղեկավար և Ադրբեջանում «Ռուսաստանի մարդ»։ Իլհամ Ալիևը 2019 թվականին հոկտեմբերին Ռամիզ Մեհդիևին ազատել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, պարգևատրել Հեյդար Ալիևի շքանշանով՝ աստիճանաբար հեռացնելով նրան քաղաքական ակտիվ դաշտից։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ նա հեռացվել էր նաև ակադեմիայի նախագահի պաշտոնից, քանի որ փորձում էր իր ազդեցությունը պահպանել քաղաքական դաշտում ու ակտիվորեն մասնակցել այդ գործընթացներին։

Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Մեհդիևը հեռացվել է նաև երկրի Անվտանգության խորհրդից (ընդգրկվել էր Ադրբեջանի նախագահի 2019 թվականի հոկտեմբերի 23-ի հրամանագրով)։

Մեհդիևը կհեռացվի նաև Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից: «Ռամիզ Մեհդիևը չի կարող մնալ ո՛չ «Նոր Ադրբեջան»-ի, ո՛չ կուսակցության Վետերանների խորհրդի անդամ։ Մեղավոր ճանաչված անձը չի կարող մնալ կուսակցության շարքերում»,- հայտնել է կուսակցության Վետերանների խորհրդի նախագահ Արիֆ Ռահիմզադեն՝ նշելով, որ առաջիկա օրերին կանցկացվի կուսակցական համապատասխան մարմինների նիստ՝ այդ հարցը քննարկելու նպատակով։

Բացի այդ՝ քննարկվում է Ռամիզ Մեհդիևին Գիտությունների ակադեմիայի գործող անդամների կազմից հեռացնելու հարցը։ «Մենք նույնպես ցավում ենք վերջին իրադարձությունների համար։ Հարցը կքննարկվի դատարանի որոշումից հետո»,- հայտարարել է ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին։

Արձագանքներ

Ժամանակին Ադրբեջանի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ մարդուն՝ «գորշ կարդինալին» վերագրվող նման ծանր հանցագործություններն ու մեղադրանքներն այժմ ադրբեջանական տիրույթում բուռն քննարկումներ են առաջացրել։ Կարելի է ասել, որ հասարակական կարծիքը բաժանվել է։

Ընդդիմության և քաղաքացիական հասարակության անդամները, ովքեր տարիներ շարունակ տառապել են Մեհդիևի քաղաքական ազդեցությունից, նրա հետապնդումն ընկալում են որպես արդարադատության դրսևորում։

«Մենք 10-20 տարի առաջ գիտեինք, որ նա ծառայում էր Ռուսաստանի շահերին… Ռամիզ Մեհդիևն այն քաղաքականության ակունքներում է, որը ստիպել է մտավորականությանն ու երիտասարդությանը լքել երկիրը: Նա այս ամենն իրականացրել է Մոսկվայի հրամանով»,-ասել է Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Սերդար Ջալալօղլուն՝ նշելով, որ Մեհդիևը պետք է վաղուց ձերբակալված լիներ, և որ ներկայիս մեղադրանքները լիովին արդարացված են։

Մյուս կողմից՝ ընդդիմության և հանրության զգալի մասն այս դեպքը համարում է ներիշխանական հակասությունների դրսևորում։

«Այն փաստը, որ կոռուպցիայի և բռնաճնշումների ներկայիս ռեժիմի հիմնական հիմնադիրներից մեկը՝ Ռամիզ Մեհդիևը, մեղադրվում է ծանր հանցագործությունների մեջ և այս տարիքում, ռեժիմի սնանկության և ինքնախաբեության ևս մեկ ապացույց է»,- գրել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին ֆեյսբուքյան իր էջում՝ հայտարարելով, որ ռեժիմն «ուտում է իր իսկ ստեղծողներին» և Ռամիզ Մեհդիևն այժմ պատժվում է «իր հիմնադրած և համահեղինակած հրեշի (ռեժիմի) կողմից»։

Տարածված է այն կարծիքը, որ Մեհդիևը թիրախավորվում է ոչ այնքան կոնկրետ հանցագործությունների, որքան՝ հին էլիտայի ներկայացուցիչ լինելու համար։ Նրա քրեական հետապնդումը, շատերի կարծիքով, խորհրդանշում է քաղաքական սերնդափոխություն և իշխանության հիերարխիայի վերակառուցում:

Ըստ «OC Media»-ի՝ այս գործընթացն արտացոլում է նոր վերնախավի «վրեժխնդրության» զգացումը հեռացող մտավորականության նկատմամբ։ Նշվում է, որ Մեհդիևը ցանկանում էր վերականգնել կորցրած իշխանության մի մասը, սակայն այն ենթադրությունը, որ նա կգնար մինչև Ալիևի սպանության ծրագրմանը, հավանաբար որոշ չափով անհավանական է։

Կարելի ասել է, որ Մեհդիևի շուրջ ստեղծված այս իրավիճակն Ադրբեջանի քաղաքական համակարգում շրջադարձային է։ Նրա դեպքը, առաջին հերթին ցույց է տալիս, որ նույնիսկ ավտորիտար համակարգերում երկար ժամանակ անձեռնմխելի համարվող գործիչները կարող են ժամանակի ընթացքում կորցնել իրենց ազդեցությունը՝ դուրս մղվելով հասարակական-քաղաքական կյանքից։ Մեհդիևի քաղաքական կարիերայի ավարտը՝ լուրջ քրեական մեղադրանքներով, վկայում է նաև իշխող համակարգում ուժերի նոր հավասարակշռության ի հայտ գալու և առաջիկայում Ադրբեջանի քաղաքական դաշտում ու իշխանական բուրգում լուրջ փոփոխությունների մեկնարկի մասին։ Բացի այդ՝ սա նշանակում է Ադրբեջանում քաղաքական պայքարի մեթոդների խստացում։