ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2025-2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի ժամկետները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը:
Օլիմպիադան կազմակերպվում է երեք փուլով՝ առաջին /դպրոցական/, երկրորդ /մարզային/ և երրորդ /հանրապետական/: 5-6-րդ դասարանների «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների օլիմպիադաներն անցկացվում են երկու փուլով՝ դպրոցական և մարզային:
Օլիմպիադան անցկացվում է ըստ խմբերի՝
Մաթեմատիկա- I խումբ` 5-րդ դաս., II խումբ` 6-րդ դաս., III խումբ` 7-րդ դաս., IV խումբ` 8-րդ դաս., V խումբ՝ 9-րդ դաս., VI խումբ՝ 10-րդ դաս., VII խումբ՝ 11-12-րդ դաս.
Աստղագիտություն- I խումբ` 10-12-րդ դաս.
Ինֆորմատիկա (Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն) -
I խումբ` 9-րդ դաս., II խումբ՝ 10-12-րդ դաս.,
Կենսաբանություն, Քիմիա, Աշխարհագրություն, Ռուսաց լեզու, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Ֆիզիկա, Հայոց լեզու, Հայ գրականություն, Պատմություն, ՆԶՊ (Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն) - I խումբ` 9-րդ դաս., II խումբ՝ 10-րդ դաս., III խումբ` 11-12-րդ դաս.
Մայրենի (Ընթերցանություն) - I խումբ` 5-րդ դաս., II խումբ՝ 6-րդ դաս.
Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է դպրոցում: Հաստատության տնօրենը մինչև 2025թ. նոյեմբերի 5-ը ներառյալ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի համապատասխան բաժնում օլիմպիադային մասնակցել ցանկացող սովորողի համար իրականացնում է նշում՝ ըստ առարկաների: Սահմանված ժամկետի ավարտից հետո ԿԿՏՀ–ում ինքնաշխատ եղանակով ձևավորվում են մասնակիցների ցանկերը՝ ըստ առարկաների և ներկայացվում մինչև 2025թ. նոյեմբերի 7-ը ներառյալ ԿԳՄՍՆ` [email protected] հասցեին։
Օլիմպիադայի երկրորդ փուլն անցկացվում է համաձայն ժամանակացույցի՝ մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ կողմից սահմանված վայրում: Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները` հանրապետական առարկայական հանձնաժողովի որոշման համաձայն:
Օլիմպիադայի երրորդ փուլն անցկացվում է համաձայն ժամանակացույցի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված վայրում: Երրորդ փուլին մասնակցում են երկրորդ փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները` հանրապետական առարկայական հանձնաժողովի որոշման համաձայն:
«Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա» /«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»/, «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների երրորդ փուլի 10-12-րդ դասարանների դիպլոմակիրները համարվում են միջազգային օլիմպիադայի ՀՀ թիմի հավակնորդներ:
Աշակերտների անվանական ցուցակների ձևանմուշները, առաջադրանքները, պատասխանները, արդյունքները և Օլիմպադայի վերաբերյալ այլ տեղեկությունները տեղադրվում են www.olymp.am և lib.armedu.am կայքերում: