ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը 2025 թ․ հոկտեմբերի 15–16-ին Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմում մասնակցել են «Ընտրությունների պաշտպանության թեմայով փորձագետների գլոբալ ժողովին», որը կազմակերպել էր Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը (International IDEA)՝ Կանադայի կառավարության աջակցությամբ։
Միջազգային այս հարթակը մեկտեղել էր ավելի քան 15 երկրների ընտրական կառավարման մարմինների, ընտրական ցանցերի և պետական հաստատությունների ներկայացուցիչների։ Քննարկումների հիմնական առանցքը հանդիսանում էր International IDEA-ի կողմից մշակված «Ընտրությունների պաշտպանության ինտեգրված շրջանակը»։ Այս գործիքների համալիրը հնարավորություն է տալիս ընտրական գործընթացի հիմնական դերակատարներին կիրառել ռիսկերի կառավարման, կայունության ամրապնդման և ճգնաժամային իրավիճակների կառավարման մոտեցումներ՝ ընտրական ամբողջականությունը պաշտպանելու նպատակով։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև շրջանակի փորձնական կիրառման արդյունքները մի շարք երկրներում, ինչը հնարավորություն տվեց գնահատել դրա գործնական կիրառելիությունը և արդյունավետությունը։
Այցի շրջանակներում ԿԸՀ պատվիրակությունը մասնակցեց նաև մի շարք երկկողմ աշխատանքային հանդիպումների։ Մասնավորապես, Ստոկհոլմում կայացավ հանդիպում Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Թոբիաս Թիբերգի գլխավորած կազմի հետ։ Պատվիրակությունը նաև այցելեց Ֆոլկե Բերնադոտիի ակադեմիայի (FBA) գրասենյակ։ Վերջինս Շվեդիայի պետական գործակալություն է, որը իրականացնում է ծրագրեր ընտրությունների և ժողովրդավարության աջակցության ոլորտներում, այդ թվում՝ Հայաստանի հետ համագործակցությամբ։
ԿԸՀ ներկայացուցիչները նաև International IDEA-ի գլխավոր քարտուղար Քևին Կասաս Սամորայի հետ հանդիպում ունեցան, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացման և առաջիկա ծրագրերի իրականացման հնարավորությունները: