Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Թեղուտ-Հաղարծին հատվածում բախվել են «Opel» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բժիշկները վիրավորներին, որոնց մեջ կա անչափահաս, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացնում են հերթապահություն:
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդներից մեկը եղել է անչափահաս՝ 15-ամյա տղա: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: