Foto

Երկրում ստեղծել եք մի իրավիճակ, որ «ամեն մեկը պետք է տեսնի իր գլխի ճարը». Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը գրել է.

«Ձեր անգործության հետևանքով երկրում ստեղծել եք մի իրավիճակ, որ «ամեն մեկը պետք է տեսնի իր գլխի ճարը»։ Հիմա էլ հերթը վարորդներինն է։

Վերջին օրերին կրկին մեր հայրենակիցները, ովքեր զբաղվում են բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով, դուրս են եկել փողոց՝ պահանջելով պարզ պատասխան՝ ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը չի կարողանում ԵԱՏՄ-ի հետ լուծել տարրական հարց, որը, ըստ վարորդների, արդեն իսկ քննարկվել և լուծվել է ԵԱՏՄ գործընկեր երկրների, մասնավորապես՝ Ղազախստանի կողմից։

Խնդիրը վերաբերում է ՌԴ ոչ աշխատանքային նպատակով ԵԱՏՄ երկրներից ժամանող քաղաքացիներին. օրացուցային տարվա ընթացքում նրանք կարող են մնալ 90 օր, մինչդեռ նախկինում սա հնարավոր էր 6 ամսվա ընթացքում, օրացուցային տարում՝ մինչև 180 օր: Ընդ որում՝ Բելառուսում անցկացրած ժամանակահատվածը նույնպես ներառվում է։

Այսինքն, լինես ԵԱՏՄ երկիր, քո երկրի առևտրային շրջանառության 35%-ը լինի ԵԱՏՄ անդամ ՌԴ-ի հետ, ու դու չկարողանա՞ս նման առաջին անհրաժեշտության հարց լուծել։ Էլ չասեմ, թե նման հարց ինչու՞ պետք է առաջանար ԵԱՏՄ անդամ պետությունների միջև, ինչու՞ որևէ պատկան մարմին իր տեղում չէ, չի կանխարգելում նման խնդրի առաջացումը։

ՌԴ-ն որոշում է ընդունել, քննարկել է, հավանաբար շրջանառել է, ուժի մեջ մտնելու ամսաթիվ է նախատեսել, ու այդքանը դեռ ոչինչ՝ կես տարի այս իշխանությունները ժամանակ են ունեցել այդ որոշման շուրջ բանակցելու ու լուծում գտնելու։ Բայց ո՛չ։ Ոչ մի քայլ չի ձեռնարկվել։

Նրանք հո դրանո՞վ զբաղված չեն, նրանք հո իրենց տեղո՞ւմ չեն։ Դրա փոխարեն մի քանի ստատուս ավել կգրեն, կզբաղվեն ժողովրդին մանիպուլացնելով և իշխանություն պահելու նպատակով «աննախադեպ բուռն աշխատանքի» իմիտացիա ստեղծելով։

Եթե այս տարրական հարցերի շուրջ նույնիսկ չեք կարողացել ժամանակին բանակցել և պատշաճ ձևով այն լուծել, ապա մեծ երևակայություն պետք չէ ունենալ հասկանալու համար, թե ինչպես եք ձախողում ավելի բարդ և ծանր հարցերի բանակցությունները։

Մեր թիմն արդեն հանդիպել է վարորդների հետ և առաջիկա օրերին կներկայացնենք հարցի լուծման մեր պատկերացումներն ու տարբերակները»։