Հայ Առաքելական Եկեղեցին իր ցանցային կառուցվածքով, արժեքային
նշանակությամբ ու բովանդակությամբ Նիկոլ Փաշինյանի և նրա միջազգային հովանավորների,
էլ չասենք մեր թշնամի Ադրբեջանի և Թուրքիայի մասին, ամենահզոր խոչնդոտներից մեկն է,
գուցե՝ ամենավերջինը՝ Հայաստանի տարածքում: Այդ տեսանկյունից՝ պետության կողմից ՀԱԵ
բարձրաստիճան հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա հարձակումները, շինծու
մեղադրանքներով ձերբակալությունները տրամաբանական են: Սակայն կա մի այլ հանգամանք,
որ այս իրադարձություններին տալիս է այլ՝ աշխարհաքաղաքական երանգավորում: Հայ հասարակությանը
իրական օրակարգերից շեղելով և դրանց ծխածածկույթի տակ՝ Փաշինյանը հետևողականորեն տանում
է դրսից իրեն պատվիրակված քաղաքականություն: Իսկ ո՞րն է դրչա հեռահար նպատակը:
Գաղտնիք չէ, որ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմը
ո՛չ Իսրայելին, ո՛չ էլ Միացյալ Նահանգներին չտվեց ցանկալի արդյունք և նրանք ստիպված
էին գնալ ժամանակավոր հրադադարի՝ իրենց դեմքը փրկելու համար: Բայց իրանական կաթսան
շարունակում է եռալ և շատ շուտով կարող է պայթել նոր ուժով և հետևանքներով: Նկատեք՝
որ Միացյալ Նահանգներին այդպես էլ չի հաջողվում, օրինակ, Աֆղանստանի և Պակիստանի միջև
լուրջ հակամարտություն գեներացնել՝ կրկին Աֆղանստան ներխուժելու և այնտեղից ցամաքային
գործողություն իրականացնելու համար:
Ակնհայտ է նաև, որ տարածաշրջանային խոշոր բախումը չի կարող
չանդրադառնալ տարածաշրջանի մյուս երկրների վրա, եթե նույնիսկ նրանք ակտիվորեն ընդգրկված
չլինեն պատերազմական գործողություններում: Մանավանդ, որ Հայաստանի և Ադրբեջանի տարածքն
ամենահարմար պլացդարմն է՝ Իրանի նկատմամբ ցամաքային ռազմական գործողություն իրականացնելու
համար: Դրա ազդակներից մեկն էլ Ռուսաստան-Ադրբեջան հակասությունների սրումն էր՝ ոչ
վաղ անցյալում:
Հայաստանն, այդ առումով, շատ խոցելի երկիր է, և հնարավոր
տարածաշրջանային պատերազմական բախումը երկրում կարող է ներքաղաքական, սոցիալական և
այլ դժգոհությունների և բախումների պատճառ դառնալ: Իսկ դա Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության
համար ծայրահեղ վատ հետևանքներ կունենա: Ահա ա՛յս վտանգները չեզոքացնելուն կամ դրանք
հնարավորինս մեղմելուն միտված գործողություններ են թեմակալ եպիսկոպոսների, Սամվել Կարապետյանի,
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունները, քաղաքացիական ակտիվիստների
նկատմամբ հալածանքները, ծանր հարկային և ֆիսկալ քաղաքականությունը և այլ՝ առաջին հայացքից
դրա հետ ուղղակի առնչություն չունեցող, երևույթները:
Փաշինյանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է, ցանկացած պատրվակով,
մեկուսացնել հանրային հեղինակություն, կազմակերպչական և ֆինանսական հնարավորություններ
ունեցող անհատներին, որպեսզի կարողանա հեշտությամբ կատարել այն սև գործը, որը, հնարավոր
է, հանձն է առել Թրամփի և Ալիևի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու անվան տակ:
Եթե շատ լակոնիկ, ապա Նիկոլ Փաշինյանն ուղղակի գլխատում է
հայ ընդդիմադիր հասարակությունը՝ հնարավոր տարածաշրջանային պրովոկացիայից առաջ և հարվածի
տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը և, նույնիսկ, գոյությունը: